Օրեր առաջ ՕԵԿ-ը հայտարարեց իր որոշման մասին՝ մաս չկազմել նոր ձևավորվող կառավարությանը և հրաժարվեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց:

«Կառավարչական տեսակետից ՕԵԿ-ի' կոալիցիայից դուրս գալը ՀՀԿ-ի համար լուրջ խնդիրներ չի ստեղծի»: Նման տեսակետ Լուրեր.com-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Վերջինիս խոսքով' ՕԵԿ այդ քայլով էական փոփոխություններ չեն լինի նաև քաղաքական դաշտում:

«Ոչ իշխանությունների մոտ և ոչ էլ ընդդիմադիրների համար փոփոխություններ չեն լինի, որովհետև ՕԵԿ-ը չունի քաղաքական այն կշիռը, որպեսզի իշխանություններից դուրս գալուց խնդիրներ ստեղծի իշխանության համար և դառնալով ընդդիմություն՝ խնդիրներ ստեղծի ընդդիմության համար»,-ասաց Բադալյանը:

Նրա կարծիքով' ՕԵԿ-ը որպես քաղաքական ուժ դադարել է լինելուց 2008 թվականից:

«Ընդհանրապես կարող ենք ասել, որ ՕԵԿ-ը' որպես քաղաքական ուժ, երբ 2008թ մարտին ընտրողների ստացած քվեն փոխանակեց անվտանգության խորհդի քարտուղարի պաշտոնի հետ, մահացավ և գոյություն չունի: Մահացած քաղաքական ուժերը չեն վերակենդանանում, ինչպես բնության մեջ մարդիկ մահանալով չեն վերակենդանանում, այնպես էլ հասարակական-քաղաքական կյանքում: Քաղաքական ուժերը, երբ մահանում են, չեն վերակենդանանում: Իհարկե, ՀՀԿ-ի համար որոշակի խնդիրներ կարող են ծագել հետագայում ԱԺ-ում' այս կամ այն օրինագիծն անցկացնելու հարցում, որովհետև ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ ունի 76 ձայն: Դրանով, սակայն, ընդդիմությունը մեծամասնություն չի կազմի, սակայն ՀՀԿ-ն, եթե մոբիլիզացնի բոլոր իր պատգամավորներին, կառավարության նոր ծրագիրն ընդունելու հարցում խնդիրներ չի ունենա»,-ասաց Արմեն Բադալյանը: