Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:

 

***

 

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն այսօր անցկացնում են երթ դեպի նախագահական նստավայր։ Քիչ առաջ Բաղրամյան 26 ժամանեց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն, վարչապետին ակտիվիստներն այնքան էլ բարեհամբույր չդիմավորեցին: Երբ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ ակտիվիստներին նրանք սկսեցին սուլել և բղավել'«դեմ ենք», «ոչ թալանին»:

 

Վարչապետը ակտիվիստներին հավատացրեց, որ ինքը տեղյակ է առկա խնդրին, և փորձում է հարցին լուծում տալ.

 

***

 

«Մինչև սեպտեմբերի 30-ը հնարավորություն կտրվի չսպասել, այլ մեկ ամսից փոքր-ինչ ավել ժամանակահատվածում՝ մինչև հունիս, ունենալ որոշում, որն ընդունելի կլինի բոլորի կողմից: Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում, պատրաստ եմ գործնական քննարկումներ սկսել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Ակցիայի մասնակիցներն այդ պահին սկսեցին բարձր գոչել՝ «հի-մա, հի - մա»:

 

Ի պատասխան՝ Աբրահամյանը նշեց, որ նրանց դիրքորոշումը կառտուցողական չէ, և ինքն ուղղակի ուզում է, որ նրանք ընկալումով մոտենան: «Ես ուզում եմ ձևակերպել իմ մոտեցումը հստակ և անկեղծ, պատրաստ եմ քննարկելու: Առաջին քայլը կատարել եմ, խնդրում եմ հնարավորություն՝ Ձեզ հետ երկխոսություն սկսելու»,- ասաց նա:

 

***

 

Օրեր առաջ ՕԵԿ-ը հայտարարեց իր որոշման մասին՝ մաս չկազմել նոր ձևավորվող կառավարությանը և հրաժարվեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց:

 


«Կառավարչական տեսակետից ՕԵԿ-ի' կոալիցիայից դուրս գալը ՀՀԿ-ի համար լուրջ խնդիրներ չի ստեղծի»: Նման տեսակետ Լուրեր.com-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

 


Վերջինիս խոսքով' ՕԵԿ այդ քայլով էական փոփոխություններ չեն լինի նաև քաղաքական դաշտում:
«Ոչ իշխանությունների մոտ և ոչ էլ ընդդիմադիրների համար փոփոխություններ չեն լինի, որովհետև ՕԵԿ-ը չունի քաղաքական այն կշիռը, որպեսզի իշխանություններից դուրս գալուց խնդիրներ ստեղծի իշխանության համար և դառնալով ընդդիմություն՝ խնդիրներ ստեղծի ընդդիմության համար»,-ասաց Բադալյանը:
Նրա կարծիքով' ՕԵԿ-ը որպես քաղաքական ուժ դադարել է լինելուց 2008 թվականից:
«Ընդհանրապես կարող ենք ասել, որ ՕԵԿ-ը' որպես քաղաքական ուժ, երբ 2008թ մարտին ընտրողների ստացած քվեն փոխանակեց անվտանգության խորհդի քարտուղարի պաշտոնի հետ, մահացավ և գոյություն չունի: Մահացած քաղաքական ուժերը չեն վերակենդանանում, ինչպես բնության մեջ մարդիկ մահանալով չեն վերակենդանանում, այնպես էլ հասարակական-քաղաքական կյանքում: Քաղաքական ուժերը, երբ մահանում են, չեն վերակենդանանում: Իհարկե, ՀՀԿ-ի համար որոշակի խնդիրներ կարող են ծագել հետագայում ԱԺ-ում' այս կամ այն օրինագիծն անցկացնելու հարցում, որովհետև ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ ունի 76 ձայն: Դրանով, սակայն, ընդդիմությունը մեծամասնություն չի կազմի, սակայն ՀՀԿ-ն, եթե մոբիլիզացնի բոլոր իր պատգամավորներին, կառավարության նոր ծրագիրն ընդունելու հարցում խնդիրներ չի ունենա»,-ասաց Արմեն Բադալյանը:

 

***

 

«Հրաշալի քառյակը» չի քննադատի Հովիկ Աբրահամյանի կառավարությանն այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանին էր քննադատում, իսկ «Օրինաց երկիրը» սկսելու է ուժեղ քննադատել նոր կառավարությանը և մատնանշել բացթողումները, որովհետև նոր ձևավորվող կառավարությունը լուրջ ընդդիմախոսներ չի ունենալու:

 

Այս մասին հայտարարել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն ապրիլի 18-ին հրավիրված ասուլիսում' նկատելով, որ ՕԵԿ-ի դուրս գա լն իշխող կոալիցիայից ինչ-որ չափով ձեռնտու էր նաև ՀՀԿ-ին: Նա կարծում է, որ ցանկացած անձի փոփոխություն չի կարող երկրում հանգեցնել բացառիկ դրական փոփոխությունների. եթե չի փոխվում իշխանության տրամաբանությունը, չի կարելի ակնկալել, որ երկրում դրական փոփոխություններ կլինեն:

 

ՍԴՀԿ-ն, Գալստյանի խոսքով, պայքար է մղում սոցիալական անարդարության, օլիգարխիայի և օլիգոպոլիայի դեմ: «Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը օլիգարխներն են և այն մարդիկ, ովքեր խոսում են փոքր և միջին բիզնեսի զարգացման և առաջընթացի մասին, առաջին հերթին պետք է հասկանան, որ դրա խոչընդոտն օլիգարխիան է»,-նշել է կուսակցության ատենապետը: Գալստյանը չի կիսում տեսակետը, որ խորհրդարանական ընդդիմության մի հատվածը կարող է իրեն այնպիսի ճոխություն թույլ տալ, որ կանգնի շարքային քաղաքացու կողքին: «Նոր կառավարությունը պետք է փորձի գնալ սոցիալական լարվածության մեղմացման, իսկ եթե շարունակվի օլիգարխիայի հաղթարշավը սեփական քաղաքացիների դեմ, մենք սոցիալական պայթյունից խուսափել չենք կարողանա»,-նկատել է նա:

 

Հնարավո՞ր է քառյակը դառնա հնգյակ, եթե ՕԵԿ-ը սկսի քննադատել կառավարությանը, Նարեկ Գալստյանը պատասխանել է. «Քառյակը կդառնա հնգյակ, վեցնյակ, թե յոթնյակ, դրանից դարդին դարման չի լինելու»: Բացի դրանից, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն նախկին քննադատությունները չեն հնչեցնելու նոր կառավարության հասցեին՝ ելնելով զուտ անձնական գործոնից: «Քառյակն ուներ հստակ խնդիր, հիմա խնդիրը լուծված է»,- ասել նա՝ նկատի ունենալով նոր վարչապետի նշանակումը:

 

Ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից: Ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ: Կառավարությունը, Սահմանադրության համաձայն, կձեւավորվի վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում: Մինչ այդ կոալիցիոն համագործակցությունից հրաժարվելու հայտարարություններ արեցին «Օրինաց երկիր» եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները:

 

***

 

Մինսկում ապրիլի 29-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի Հայաստանի' Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը: «Ապրիլի 29-ի նիստի ժամանակ որոշում կկայացվի, թե ճանապարհային քարտեզով Հայաստանն ուր է հասել, թե ինչպիսի պայմանագիր կնախապատարստվի, ինչպես նաև հնարավոր է պայմանագրի ստորագր ման ժամկետների վերաբերյալ հստակեցում լինի»,-ասաց Վահրամ Ավանեսյանը' նշելով, որ որեւէ փաստաթղթի ստորագրում հնարավոր է մայիսի վերջ- հունիսին:

 

Էկոնոմիկայի փոխանախարար Կարինե Մինասյանի խոսքով' Հայաստանը, երբ սկսում էր բանակցությունները, հայտարարել է, որ միանում է Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տարածքին, որը ֆինքսված է բոլոր որոշումներում: «Բայց այդ տարածքում գործընթացները ևս արագ ընթանում են և ՄՄ անդամ երեք երկրները որոշում են կայացրել մինչև մեր միանալը, ստորագրել միասնական մոդիֆիկացված համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության մասին: Այնտեղ շեշտադրումը հստակ է, որ միայն տնտեսական հարցերն են կարգավորվելու այդ համաձայնագրով: Գործըթնացը շատ արագ է ընթացքում և, մենք ևս արագ բանակցություններ ենք վարում, որ եթե անհրաժեշտություն լինի, մենք կմիանանք նաև Եվրասիական տնտեսական միությանը»,-ասաց Կարինե Մինասյանը:

 

***

 

Եղվարդի խճուղու և Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 32 շենքի ճանապարհի խաչմերուկում ապրիլի 17-ին' ժամը 23.50-ի սահմաններում, իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Մերսեդես-Բենց» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:

 

«Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: