«Եթե նայեք աչքերիս, կտեսնեք, որ անկեղծորեն եմ ասում». քաղաքական այլ իրողությունների պայմաններում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այս խոսքերը միգուցե հուզմունքի արցունքագնդեր պոկեին հասարակության հուզական հատվածի աչքերից, սակայն այժմ առաջացնում են ոչ այլ ինչ, քան «քուանշ» տալու ցանկություն: Կենսաթոշակային բարեփոխումների դեմ ձևավորված դժգոհության ալիքը հմտորեն սեփական պաշտոնափոխության համար օգտագործած նորաթուխ վարչապետը փորձում է հավատացնել, որ մտադիր է լուծել մի թնջուկ, որի հիմնական ճարտարապետներից է:

 

Դեռևս չարաբաստիկ կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի ընդունումից առաջ պարզ էր, որ այս ոսկորը խրվելու է կառավարության կոկորդին և լուրջ խմորումների առիթ է հանդիսանալու: Վստահության զրոյական պաշար ունեցող իշխանությունը չէր կարող հեշտությամբ «սաղացնել» մի օրինագիծ, որն անմիջապես խփում է սպառողի գրպանին: Հովիկ Աբրահամյանն իր ղեկավարած կառույցով անմիջապես ձեռնամուխ եղավ հակասական օրինագծի ընդունման աշխատանքներին և, ինչպես վերևից եկած ցանկացած հրահանգ, իրականացրեց մեծ ջանասիրությամբ: Չխուսափեց իր վտիտ ուսերին կրել վիճահարույց օրինագծի անցկացման պարտավորությունը, ինչը փառավորապես կարողացավ անել նաև գազային խայտառակ պայմանագրերի դեպքում՝ գործելով ձեռքով: Հասարակական դժգոհության ալիքի ծավալմանը զուգընթաց Հովիկը հասկացավ, որ եկել է իր աստեղային ժամը և սկսեց գործել՝ փորձելով չվառել «ոչ շիշը, ոչ քյաբաբը»:

 

Օրինագծի ընդունումից անմիջապես հետո Աբրահամյանը սկսեց խոսել փոփոխությունների անհրաժեշտության մասին, մի բան, որի մասին զարմանալիորեն լռում էր խորհրդարանական քննարկումների ժամանակ: Քանի որ փոփոխությունների անհրաժեշտության մասին նա բարձրաձայնեց ԲՀԿ-ի և հայտնի քառյակի ակտիվացման ֆոնին՝ հստակ էր, որ Արգամիչը նոր խաղ է սկսել՝ փորձելով նրբորեն գնդակ գլորել այն դաշտ, որտեղ խաղում է իր հայտնի խնամին, մյուս կողմից պահպանելով հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ: Ցանկացած զիջում, որ կաներ իշխանությունը, կհզորացներ թափ հավաքող ընդդիմության, այդ թվում այլընտրանք հռչակված Ծառուկյանի դիրքերը, և այդ փաստը Աբրահամյանը չէր կարող չգիտակցել: Քանի որ Ծառուկյանի պարտադրանքով քաղաքական օրակարգը դարձել էր վարչապետի հրաժարականի պահանջը՝ Հովիկ Աբրահամյանի պարզունակ քայլերի տրամաբանությունը ուղղակի ակնհայտ էր:

 

Դիտարկենք ևս մեկ ակնառու փաստ. այդ նույն օրերին, երբ լրագրողները խնդրեցին գնահատական տալ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության պահանջին՝ Աբրահամյանը հրաժարվեց որևէ գնահատական տալ այս նախաձեռնությանը․ «Ես նման որևէ նախաձեռնություն չեմ ստացել․․․ Ստանանք, հետո քննարկենք: Եթե մի նախաձեռնություն չկա, մի հարց չկա օրակարգում, ի՞նչ գնահատական տանք»:

 

Ոչ մի հայտարարություն այն մասին, որ ինքը կառավարության հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում, ոչ մի հակազդեցություն հարցադրմանը: Նախկինում նման հայտարարություններին Հովիկ Աբրահամյանը շատ բուռն էր արձագանքում, այդ դեպքում պարզապես խուսանավեց պատասխանից: Իհարկե պարզ է, թե ում սիրուն աչքերի համար: Բոլորս գիտենք, թե ում թիրախում էր հատկապես Տիգրան Սարգսյանը: Այժմ արդեն պարզ է, թե ինչու:

 

Նա պարզապես չփորձեց սանձել իր խնամու քաղաքական խոյանքները և օգտագործելով հասարակական դժգոհությունները՝ հասավ իր մանկության բյուրեղյա երազանքին՝ վարչապետի աթոռին: Նրա երազանքի իրականացումը հասարակությանը թանկ նստեց՝ անմարդկային պահումներ աշխատավարձից, համազգային դեպրեսիա, կաթվածահարության վտանգի տակ գտնվող տնտեսություն: Հանուն մեկանգամյա օգտագործման նպատակի՝ նորօրյա վարչապետը խառնեց խաղաքարտերը բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև ընդդիմադիր դաշտ:

 

Բայց այժմ սկսվում է պատմության ամենադաժան շրջափուլը՝ Աբրահամյանը պետք է վայելի այն շիլան, որ իր ձեռքերով է եփել: Հիշու՞մ եք, երբ մանկապարտեզի դաստիարակները որևէ այլ միջոց չէին գտնում երեխաներին ներազդելու և ստիպելու՝ ուտել շիլան, սպառնում էին՝ կլցնեմ գլխիդ...

 

Առավել հասուն տարիքում սպառնալիքներն իրականանում են՝ երազանքներին զուգընթաց...

 

Բարի ախորժակ...


Վարուժան Բաբաջանյան