Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պատասխանել է հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ «Արմենպրես» -ի հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցն ու պատասխանն ամբողջությամբ.

 

-Պարո՛ն Սաղաթելյան, երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ցույց տալով, որ նախկին հնչած բոլոր թերահավատություններն անհիմն էին, բայց չխոսեց այդ արձա­նագրությունների ապագայի մասին: Հարցը հետևյալն է. ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին:

 

- Գիտե՞ք, մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրա­ձայն­ման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց մինույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին:

 

***

 

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը:

 

Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը և մեր երկրի առաջընթացին: Մեզ համար աջակցությունը ձեռնարկատիրությանը լինելու է առաջնահերթ խնդիր, և յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ երկրի առաջընթացի հենքը տնտեսությունն է: Որևէ միջամտություն բիզնեսին, անարդար խոչընդոտ չի կարող լինել : Պետք է բոլորը հասկանան, որ այդ դաշտն ազատ է, գործելու են օրենքի շրջանակում, և որևէ մեկը խոչընդոտ չի ստեղծելու: Ես հետևողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է՝ օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու», - մինչ քննարկման մեկնարկը հայտարարել է վարչապետը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նախաձեռնել և մշակել է օրենսդրական փոփոխությունների մի քանի փաթեթ: Այդ փաթեթները միտված են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը և վերաբերում են ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների իրականացմանը, էլեկտրոնային առևտրի կարգավորմանը, ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտի ներդրմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմանը, հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրմանը և սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացմանը:

 

Մտքերի փոխանակության ընթացքում գործարարները դրական են համարել առաջարկվող փոփոխությունները և պատրաստակամություն հայտնել ՀՀ կառավարության հետ քննարկել դրանց վերաբերող մանրամասներ:

 

Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և վերահաստատել յուրաքանչյուր լավ առաջարկություն քննարկելու իր պատրաստակամությունը:

 

***

 

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը շնորհավորում է Հովիկ Աբրահամյանին' ՀՀ վաչապետի պաշտոնում ընտրվելու համար: Ապրիլի 19-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նրա գնահատմամբ' Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած 13 գործիչներից, միայն Անդրանիկ Մարգարյանն ու Տիգրան Սարգսյանն են ամենից շատ պաշտոնավարել և ղեկավարել երկրի տնտեսությունը:

 

«Ընդամենը մեկ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չի կարող ղեկավարել հանրապետության տնտեսությունը, չի կարող հարաբերություններ ունենալ համապատասխան կազմակերպությունների հետ, ինչի պատճառը մեր հանրապետությունում կադրերի բանկ չունենալն է»,-կարծիք հայտնեց Սարգսյանը, ով առաջարկում է իշխանություններին ստեղծել համապատասխան կադրերի ռեզերվ, բանկ:

 

Նրա հավաստմամբ' քաղաքականության ամենակարևոր չափանիշը երկրի սոցիալ- տնտեսական վիճակն է, մինչդեռ այսօր բավարար չափով արտադրական տեղեր չեն ստեղծվում, արդյունաբերական ձեռնարկությունները քիչ են:

 

***

 

«Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական նպատակներ է հետապնդում, որոնք կարող են արդյունավետ չլինել: Ապրիլի 19-ին հրավիրված ասուլիսում Ազգային ժողովի նորանշանակ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նաև կարծիք հայտնեց, որ այդ նպատակներից մեկը կարող է լինել նախագահակա ն ընտրություններին ՕԵԿ-ի մասնկացելը:

 

«Ես նրանց խորհուրդ չէի տա այդպես վարվել, ինձ համար նրանց նեղացկոտության իրավիճակն անհասկանալի է: Որպես պատճառ նշեցին Արթուր Բաղդասարյանի վարչապետ չդառնալը: Նրանց կեցվածքն անհասկանալի է»,- ընդգծեց քաղաքական գործիչը: Խոսելով ՕԵԿ նախարարների' կուսակցությունից դուրս գալու փաստի մասին, նա շեշտեց, որ կուսակցությունը պետք է վեր դասել անձնական նկատառումներից:

 

Պատգամավորի խոսքով' Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը' ներգրավել քաղաքական տարբեր ուժերին իշխանության գործունեության մեջ:

 

«Ընդդիմադիր կեցվածք ընդունողները քաղաքական իմիջի ձևավորևման հետ կապված խնդիր են հետապդում, սակայն ժողովուրդը հասունացել է և գիտի ով ինչի համար և ինչպես է անում»,- նշեց ՀՀԿ ներկայացուցիչը:

 

Նա չի բացառում անգամ այն, որ շատ քաղաքական ուժեր նախընտրում են ընդդմիություն դառնալ միայն քննադատական հայտարարություններ հնչեցնելու համար:

 

«Կոալիցիա կոչվածը շատ հեղհեղուկ է»,- նշեց բանախոսը:

 

***

 

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքեր և հուշարձաններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Թեղուտ» ՓԲԸ մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը: «Դրանց պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ապահովելու համար մշակվել, Մշակույթի նախարարության հետ համաձայնեցվել և իրականացվում է դրանց պահպանման միջոցառումների վ երաբերյալ ծրագիր»,-ասաց նա:

 

Վահրամ Ավագյանը տեղեկացրեց, որ հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագրի շրջանակներում, ընկերության ֆինանսավորմամբ իրականացվել են հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ: «Այդ աշխատանքներն իրականացվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրույան ինստիտուտի և այլ մասնագիտացված կազմակերպությունների կողմից»,- ասաց նա:

 

Ավագյանը նաև նշեց, որ ընկերության բոլոր աշխատակիցները, ովքեր աշխատում են հողի հետ, հրահանգավորված են և շատ լավ գիտեն, թե ինչ պետք է անեն, եթե աշխատանքի ընթացքում պատմամշակութային արժեքների հետքեր գտնեն, կամ թեկուզ կասկածեն, որ նման բան են գտել: «Ընկերության քաղաքականությունն է պահպանել մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքերը, որոնք կհայտնաբերվեն այս տարածքում»,- ընդգծեց Ավագյանը:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Հանրապետության Նախագահն այցելեց Թեղուտի հանքավայր, շրջեց հանքավայրի տարածքում, այցելեց հանքահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման արտադրամաս:

 

Պաշարների մեծությամբ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972թ. այստեղ իրականացվել են մեծածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքում 1991թ. հաստատվել է հանքաքարի զգալի պաշար' պղնձի և մոլիբդենի պարունակությամբ:

 

***

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ապրիլի 18-ին, ժամը 15.35-ին, ներկայացել է ԱՄՆ Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2012թ. օգոստոսի 21-ից ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 1349, 1956 հոդվածների (առողջապահական ոլորտում խարդախություն, դավադրություն, փողերի լվացում կատարելը) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1983թ. ծնված Անուշ Ս.-ն: Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և ՀՀ գլխավոր դատախազին:

 

***

 

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լ. Չ.-ի հաղորդման հիման վրա' ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ կալանավորի հաղորդման' 2014թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները, ռետինե մահակով հարվածներ հասցնելով, ծեծի են ենթարկել իրեն, սպառնացել են վնասել զինվորական ծառայության մեջ գտնվող եղբորը և այդ եղանակով ստիպել են իրեն խոստովանել չկատարած հանցանքները:

Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Հռոմի հայերը ապրիլի 24-ին' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը' հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին:

Այդ օրը ցեղասպանության զոհերին նվիրված սուրբ պատարագ կմատուցվի Հռոմի Սուրբ Նիկոլա դա Տոլենտինո եկեղեցում, որից հետո ծաղկեպսակ կդվի եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ:

 

Հռոմի հայությանն ուղղված կոչով է հադես եկել Հռոմի պապական հայկական սեմինարիայի տեսուչ Գևորգ Նորադունգյանը. «Ապրիիլի 24-ը մեծ խորհուրդ ունի մեզ համար և նշանավորում է մեր պատմության ամենաողբերգական էջը: Մեր վերքերը դեռ բաց են, քանզի այդ չարագործության հեղինակները շարունակում են ուրանալ իրենց հանցագործությունը»,- նշել է Նորադունգյանը' բոլորին հրավիրելով մասնակցելու հիշատակի միջոցառմանը և հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին' Տիրոջից խնդրելով արդարություն և խաղաղություն հաստատել աշխարհում: