Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի երեկ արած հայտարարությունն այն մասին, որ ներկա պահին քաղաքական ծրագրեր չունի, չի նշանակում, որ նա հեռանում է քաղաքականությունից, ընդհակառակը, դա նոր սկիզբ է նշանակում: Նման մեկնաբանությամբ է հանդես եկել թուրքական «Ռադիկալ» թերթի սյունակագիր Օմեր Շահինը' անդրադառնալով առաջիկայում Թուրքիայում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ կապված Անկարայի ետնաբեմում շրջանառվող սցենարներին:

 

«Եթե Գյուլն ու վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը համաձայնության չգան, հնարավոր է, Գյուլը նոր կուսակցություն ստեղծի»,- համոզմունք է հայտնել նա: Օմեր Շահինը նշում է, որ Թուրքիայի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ էրդողանը նախագահ ընտրվելուց հետո հնարավոր է կառուցվածքային փոփոխության ենթարկի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Ըստ նրա' ԱԶԿ առաջնորդ Էրդողանը մտադիր է երկրի նախագահ դառնալուց հետո կուսակցությունում մնալ գոնե համանանախագահ' այսինքն' նոր պաշտոն ստեղծել ԱԶԿ-ում: Սակայն, Գյուլը, ով նման զարգացումների դեպքում ցանկանում է ստանձնել Թուրքիայի վարչապետի պաշտոնը, ցանկանում է ԱԶԿ-ն գլխավորել միանձնյա: Այսինքն' Գյուլը կողմնակից է Թուրքիայում խորհրդարանական համակարգի շարունակմանը, ինչը նշանակում է, որ երկիրը կիսանախագահակն համակարգի տանելու Էրդողանի նախանշած ճանապարհային քարտեզը եւ կազմած մոդելը չեն համապատասխանում Գյուլի պատկերացումներին:

 

Օմեր Շահինը գտնում է, որ որպես ծայրահեղ տարբերակ, հնարավոր է Գյուլը նոր կուսակցություն ստեղծի: «Դա կլինի այն դեպքում, երբ Գյուլի եւ Էրդողանի միջեւ փոխհամաձայնություն չկայանա: Այդժամ վարչապետի աթոռը հանձնելու համար Էրդողանը արժանի թեկնածուներ կդիտարկի փոխվարչապետ Բյուլենթ Արըինչին, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինին, փոխվարչապետ Ալի Բաբաջանին, նախարար Բինալի Յըլդըրըմին: Շատերի կարծիքով' կգա ժամանակ, երբ 40 տարվա մտերիմ ընկերներ եւ ԱԶԿ-ի հիմնադիրներ Էրդողանի եւ Գյուլի ճամփաները կբաժանվեն: Նման դեպքում' Աբդուլլահ Գյուլը, հնարվոր է, ԱԶԿ-ի իր աջակիցներից ստացած աջակցությամբ, նոր կուսակցություն կհիմնի», -եզրակացնում է «Ռադիկալ»-ի հոդվածագիրը:

 

Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014 թ-ի օգոստոսի 10-ին: