Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ժնևում Ուկրաինայի հարցով քառակողմ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցա և եվրահանձնակատար Քեթրին Էշթոն, հանդիպման արդյունքում Ուկրաինայում հակամարտության կայունացման հարցի շուրջ ապրիլի 17-ին ընդունված հայտարարությունը հանդիսանում է խաղաղ բանակցային գործընթացի միայն առաջին քայլը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:

 

«Դա (հայտարարությունը-խմբ.) չտվեց շատ հարցերի պատասխաններ: Բայց յուրաքանչյուր բանակցություն ավելի լավ է, քան պատերազմը, իսկ թե որքանով է անկեղծ այդ հայտարարությունը, դա էլ ժամանակը ցույց կտա»,-ասել է Տուրչինովը:

 

Նշենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը խոստացել է կադրային նշանակումներ անելիս հաշվի առնել տեղական իշխանությունների կարծիքը: