Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում վերսկսվել են բախումները անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ, որոնք հանդես են գալիս Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ, տեղեկացնում է BBC-ն:

 

Դիմակավոր ցուցարարները բարիկադներ էին կանգնեցնում քաղաքում, հրկիզում նախագահ Մադուրոյի խրտվիլակը եւ նետում հրկիզիչ խառնուրդով շշեր: Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ բողոքավորներին ցրել ջրանետների օգնությամբ:

 

Փետրվարին Վենեսուելայում հակակառավարական ցույցերի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 40 մարդ:

 

Բողոքի ակցիաներն սկսվել էին ուսանողների ելույթներով, որոնք բողոքում էին երկրում հանցավորության բարձր մակարդակի եւ սննդամթերքի դեֆիցիտի դեմ: Հետագայում ուսանողական ցույցերը վերաճեցին առավել ընդգրկուն ընդդիմադիր շարժման, եւ այժմ բողոքավորներից շատերն ասում են, որ կանգ չեն առնի, քանի դեռ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը հրաժարական չի տվել:

 

Կարակասում ապրիլի 20-ին նաեւ ցույցեր են տեղի ունեցել ի պաշտպանություն կառավարության: Դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:

 

Այս շաբաթ կլրանա Վենեսուելայի իշխանության գլուխ Նիկոլաս Մադուրոյի գտնվելու մեկ տարին, որը փոխարինել է վախճանված նախագահ Ուգո Չավեսին: Մադուրոն իր Twitter-ում գրել է. «Ես հավատարիմ կմնամ ժողովրդին տված երդմանը: Ոչ ոք չի համարձակվի մեզ զրկել երջանիկ, ազատ ու անկախ լինելու իրավունքից»:

 

Վենեսուելայի իշխանություններն ավելի վաղ երկրում բողոքի հակակառավարական ակցիաների կազմակերպման մեջ մեղադրել են ԱՄՆ-ին եւ այլ երկրների: