Տարիներ շարունակ Հայաստանում ամենակայացած և ամենահանդուրժող «համքարությունը» համարվել է լրագրողական համայնքը: Անկախ տարաձայնություններից՝ խմբագիրները և լրագրողները կարողացել են այս կամ այն հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերել,միմյանց նկատմամբ պահպանել կոռեկտություն և վիճելի հարցերը լուծել փոխադարձ համաձայնության և հարգանքի մթնոլորտում: Անգամ եզակի դեպքեր են եղել, երբ լրատվամիջոցները բացասական երանգներով նյութեր են հրապարակել միմյանց մասին.հատկապես լուրջ և կայացած լրատվամիջոցները մշտապես միմյանց նկատմամբ պահպանել են կոռեկտություն:

 

Էլեկտրոնային լրատվամիջոցների աճին զուգընթաց առաջացավ սեփական լրատվությունը անբարեխիղճ օգտագործողներից պաշտպանելու խնդիր: Խնդիրը մեղմելու համար ֆեյսբուքյան հարթակում ստեղծվեցին փակ լրագրողական խմբեր, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչները միմյանց տեղեկացնում են նյութերի անբարեխիղճ օգտագործման մասին և խնդիրը լուծվում է համաձայնության մթնոլորտում: Իհարկե, լինում են բանավեճեր, վիճաբանություններ, սակայն դրանք երբևէ դուրս չեն գալիս ֆեյսբուքյան փակ խմբի շրջանակներից, և, որպես կանոն, ավարտվում են հաշտությամբ և թերությունների շտկմամբ:

 

Մեր լրատվամիջոցը ևս գրեթե ամեն օր բախվում է այդպիսի խնդիրների, երբ մեր հեղինակած նյութերը օգտագործվում են ոչ նպատակային ծավալներով, սակայն մենք խուսափում ենք անգամ համացանցում այդ մասին բարձրաձայնումներից և մեր գործընկերներին զգուշացնում ենք հեռախոսային կապի կամ անձնական նամակագրության միջոցով: Ինչու ոչ, երբեմն աչք ենք փակում. ի վերջո մենք գործում ենք նույն դաշտում, որտեղ թյուրըմբռնումը երբեք չի բացառվում: Ոչ ոք չի կարող երբևէ խուսափել նմանատիպ երևույթներից:

 

Եվ այս ամենի ֆոնին, Հայաստանում առաջին անգամ, լրատվամիջոցներից մեկն այլ կայքերի դեմ դեմ դատական հայց է ներկայացրել հեղինակային իրավունքների խախտման համար և պահանջում է փոխհատուցում վճարել: «Հետք» ինտերնետային կայքը «Առաջին լրատվականին» (1in.am) և pressident.am կայքին դատի է տվել` «Հետքի» հեղինակային հոդվածներն առանց պատշաճ հղման արտատպելու համար: Ընդ որում, pressident.am-ի ներկայացուցիչ Անի Քոչարն այս թեմայով «Հայկական ժամանակ»-ին պարզաբանել է. «Այդ ժամանակահատվածը, որում «Հետքը» գտել է նշված խախտումները, մեր կայքի՝ pressident.am-ի համար եղել է փորձարկման ժամանակաշրջան, և գուցե տեղ գտնեին որոշակի վրիպումներ և թերացումներ։ «Հետքի» այն պնդումը, թե չի շտկվել խնդիրը, իրականությանը չի համապատասխանում, ավելին' մենք հեռացրել ենք այդ հրապարակումները և այլեւս չենք օգտվել «Հետքից»»:

 

Հետևելով իրադարձությունների ընթացքին՝ տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ամեն գնով ստեղծել լրատվամիջոցի կողմից մեկ այլ լրատվամիջոցի դատի տալու նախադեպ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Անկեղծորեն չէի ցանկանա, որ այս ամենն ուղղորդված լիներ որևէ ուժի կողմից՝ հայկական մեդիա - դաշտում պառակտում մտցնելու և լրագրողական համերաշխությունը խախտելու համար: Ի՞նչ պատահեց սեփական խնդիրները փոխզիջումներով լուծող և սկզբունքային հարցերում միասնությամբ աչքի ընկնող լրագրողական համայնքին:

 

Հանուն ի՞նչ նպատակի «Հետքի»-ի ղեկավար Էդիկ Բաղդասարյանը նետեց առաջին քարերը. կարելի է միայն ենթադրություններ անել: Ցավոք, այդ ենթադրությունները սփոփիչ չեն, իսկ սա այն դեպքը չէ, երբ նպատակն արդարացնում է միջոցները...

 

Եթե չեք կարողանում ստեղծել նոր ավանդույթներ, որոնք կնպաստեն լրատվամիջոցների հարաբերությունների սերտացմանն ու մեդիա - դաշտի խաղաղ գոյակցությանը, ապա մի փոշիացրեք այն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում: Պարզապես վստահ եմ, որ լրատվամիջոցների միջև ցանկացած խնդիր լուծելի է, և այդ խնդիրների լուծման լավագույն ճանապարհը դատարանը չէ...



Վարուժան Բաբաջանյան