Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի զինված ուժերը պետք է լիովին պատրաստ լինեն գործելու երկրի քաղաքացիների շահերին ուղղված սպառնալիքների դեպքում: Այդ մասին ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է RT հեռուստաալիքին տված անգլերեն հարցազրույցի ժամանակ:

 

«Եթե մենք գրոհի ենթարկվենք, անտարակույս, պատասխան կտանք: Եթե մեր օրինական շահերը, ռուսաստանցիների շահերն ուղղակիորեն գրոհի ենթարկվեն, ինչպես դա տեղի ունեցավ 2008 թվականի օգոսոսին Հարավային Օսիայում, ես այլ հնարավորություն չեմ տեսնում, բացի պատասխան տալուց՝ միջազգային իրավունքին լիովին համապատասխան: Հարձակումը Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակում է Ռուսաստանի վրա»,- հայտարարել է նախարարը:

 

«Մենք երբեք չենք ժխտել, որ լրացուցիչ զորքեր ենք կենտրոնացրել սահմանի մոտ: Նմանապես Ուկրաինայի իշխանություններն են զորքերը մոտեցրել Ռուսաստանի սահմաններին. դրանք տեղափոխվել են արևելյան և հարավային տարածաշրջաններ»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զորքերի տեղաբաշխման վերաբերյալ հարցին: