Մինչև վճարովի ավտոկայանատեղերի մասին օրենքի ընդունումը Երևան քաղաքում խայտառակ վիճակ էր տիրում, որի մասին խոսել է նաև Երևանի քաղաքապետը'վճարովի կայանատեղերի մասին օրենքի ընդունումից առաջ: Այս մասին Ազգային ժողովում անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հարցադրմանը, թե ինչ է շահել Երևանը օրենքի ընդունումից: «Մինչ այս օրենքի ընդունումը մարդիկ հանրային սեփականությունը բաժանել էին միմյանց մեջ և անօրինական ճանապարհով մարդկանցից ամեն կայանման համար 200 դրամ գումար էին գանձում, իսկ այս օրենքով մենք կարգավորեցինք այս խնդիրը»,- ասաց Արեյանը՝ ընդգծելով, որ օրենքի ընդունումը մտնում էր Երևանում տրանսպորտային ոլորտի կարգավորման հայեցակարգի մեջ:

 

Երևանի փոխքաղաքապետի խոսքով՝ նախկինում վարորդները 5 կայանման համար վճարում էին 1000 դրամ, իսկ օրենքի ընդունումից հետո մեկ ժամվա համար սահմանվել է 100 դրամ վճար, իսկ տարվա համար 12 հազար դրամ: «Պատկերացրեք, եթե վարորդն օրական 1000 դրամ վճարում էր, տարվա համար ինչ գումար է ստացվում: Մենք օրենքով կարգավորել ենք դաշտը և վերացրել ենք գումարների ապօրինի գանձումը»,- ասաց Արեյանը:

 

Անդրադառնալով դիտարկումներին, թե մինչ օրս տարբեր վայրերում շարունակում են մարդկանցից առձեռն գումարներ գանձել կայանման համար՝ Արեյանն ընդգծեց, որ նման դեպքերն անօրինական են, իսկ Երևանի քաղաքապետն այդ մասին արդեն հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

 

Ինչ վերաբերում է ծառայողական ավտոկայանատեղերին, Արեյանն ընդգծեց, որ դրանց համար ամբողջ տարեկան տուրքը վճարված է, և այդպիսի վայրերում նույնպես որևէ մեկը վարորդներից գումար գանձելու իրավունք չունի:

 

Դիտարկումներին, թե ինչի համար է այս ծառայությունը տրվել մասնավորին, Երևանի փոխքաղաքապետը պատասխանեց, որ քաղաքապետարանը հնարավորություն չուներ ինքն իր միջոցներով ներդնել այս ծառայությունը, կհավորել կանգառները, հագեցնել դրանք համապատասխան տեխնիկական միջոցներով, ինչի համար օպերատոր է վարձել:

 

Արեյանը չհամաձայնեց դիտարկումներին, թե վճարովի կայանատեղերի ծառայության ներդրումը նպաստել է Երևանում երթևեկության լրացուցիչ ծանրաբեռնվածության ավելացմանը: «Մենք չենք ասում, որ այս օրենքն իդեալական է և փոփոխման ենթակա չէ»,- ասաց Արեյանը՝ ընդգծելով, որ, օրինակ, պատրաստ են քննարկել առաջարկն անվճար կայանելու ժամանակահատվածը 5-ից 10 րոպե դարձնելու վերաբերյալ, ինչպես նաև այլ առաջարկներ: