Պետական դումայի էթիկայի հանձնաժողովը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն խորհուրդ է տվել զանգվածային լրատվամիջոցներում հրապարակավ ներողություն խնդրել' խորհրդարանական լրագրողներին վիրավորելու համար:

 

Համապատասխան որոշումն ընդունվել է հանձնաժողովի նիստում, որն ապրիլի 23-ին քննարկել է Ժիրինովսկու վարքի հարցը, ով անցյալ ուրբաթ օրը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել խորհրդարանական լրագրողների հասցեին: Ըստ որում հանձնաժողովը որոշել է Պետդումային չառաջարկել Ժիրինովսկուն մեկ ամսով զրկել լիագումար նիստերում ելույթ ունենալու իրավունքից:

 

«Հանձնաժողովը կայացրեց ըստ էության մեզ համար աննախադեպ որոշումը պատգամավոր Ժիրինովսկու գործողությունները ճանաչել պատգամավորական էթիկայի կանոններին չհամապատասխանող, Ժիրինովսկուն առաջարկել ներողություն խնդրել պատգամավորական էթիկայի կանոնների խախտման համար, զանգվածային լրատվամիջոցներում տարածել տեղեկատվություն Ժիրինովսկու կողմից պատգամավորական էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ»,- ասել է հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Դեգտյարյովը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: