Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան շարունակում է պահպանել հանցավոր լռությունն ու հետևողական լինել ժխտողական քաղաքականության հարցում: Թուրքական պետության նման պահվածքն ու դիրքորոշումն ունի ինչպես քաղաքական, տնտեսական, հոգեբանական, այնպես էլ սոցիոլոգիական դրդապատճառներ: Թուրքական պետական շրջանակներում ժխտման և դրա դրդապատճառների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է հայտնի թուրք պատմաբան, Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր դոկտոր Ուգուր Ումիթ Ունգորի հետ:

 

-Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը արգելափակելու համար Թուրքիայի Հանրապետությունը մեծ ջանքեր է գործադրում: Ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների ներկայացուցիչների հայտարարություններին թուրքական պետությունը շատ խիստ արձագանք է տալիս: Ինչ եք կարծում, ավելի հեշտ չէ՞ր լինի, եթե Թուրքիան առերեսվեր պատմության հետ ու ճանաչեր Հայոց ցեղասպանությունը:

 

-Անշուշտ, Թուրքիայի համար ավելի հեշտ չէր լինի ճանաչել Ցեղասպանությունը: Ինչպե՞ս դու պետք է բացատրես քո ժողովրդին, որ նրան 99 տարի խաբել ես: Մյուս կողմից, եթե Աբդուլլահ Գյուլը կամ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեին Երևան, ծաղկեպսակ դնեին Ծիծեռնակաբերդում և ծնկի իջնեին (ինչպես Ուիլլի Բրանդտը), ապա նրանք, անշուշտ, Խաղաղության նոբելյան մրցանակ կստանային: Այսինքն, եթե անգամ ուժեղ դրդապատճառներ կան, ներքին ճնշումը չափազանց մեծ է Թուրքիայի քաղաքական գործիչների համար, որպեսզի ճանաչեն Ցեղասպանությունը:

 

-Ապագայում Հայոց ցեղասպանության հարցում հնարավոր համարո՞ւմ եք փոփոխությունը Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ: Եթե այո, ապա դա ինչպե՞ս և ե՞րբ կարող է լինել:

 

-Լավ հարց է, սակայն դա վերաբերում է ապագային: Որպես պատմաբան' ես չեմ կարող պատասխանել այդ հարցին:

 

-Ըստ Ձեզ, Թուրքիայի ժխտողական քաղաքականության պատճառը միայն քաղաքականությո՞ւնն է, թե այլ տնտեսական դրդապատճառներ էլ կան, քանի որ ցեղասպանության հետևանքով խլվեց հայերին պատկանող գույքը:

 

-Հայոց ցեղասպանության թուրքական ժխտումը կարող է մեկնաբանվել առնվազն վեց պրիզմաների միջով' քաղաքական, սոցիոլագիական, հոգեբանական, տնտեսական, գենդերային և հուշային: Քաղաքական առումով. բավական ակնհայտ է, որ թուրքական կառավարությունը սառը մաքիավելիական հաշվարկի միջոցով եկել է այն եզրահանգման, որ Ցեղասպանության ընդունումը հզորության կորստի պատճառ կարող է դառնալ: Ազգայնական և պոպուլիստ ընդդիմադիր քաղաքական գործիչները կապիտալիզացիայի կենթարկեն Ցեղասպանության ընդունման կամ ներողության ցանկացած արտահայտություն: Սոցիոլոգիական առումով. Ցեղասպանության ժխտումն ամրացել է թուրքական ակադեմիական մշակույթի ճնշման արդյունքում: Հասարակական ոլորտում ժխտողական փաստարկների հետ չհամաձայնելը կամ հակահայկական հայտարարությունները դատապարտելը պահանջում է ուժեղ, անկախ կամք' դիմակայելու խմբակային ճնշմանը: Հոգեբանորեն. Ցեղասպանության ընդունումը պետք է հաղթահարի սովորական թուրքերի մեղավոր գիտակցության արգելքը: Հանցագործության ընդունումը' որպես մեծ անարդարություն, բարոյական այնպիսի հիմնարար վերակազմավորումներ կարող է առաջացնել, որ միտքն ընդդիմանում է դրան ինքնապահպանման միջոցով : Քաղաքական փաստարկների տրամաբանական ընդլայնումն էլ Թուրքիայի տնտեսական հետաքրքրությունն է: Ճանաչմանն, անշուշտ, կհետևեն հատուցումը, տուգանքն ու փոխհատուցումը փոքրաքանակ վերապրածներին և նրանց ժառանգներին: Թուրքական կառավարությունն ամենայն հավանականությամբ այս ամենն ընկալում է որպես ռիսկային Պանդորայի արկղ:

 

-Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր աշխատություններ ունե՞ք:

-Իրականում ոչ: Կարծում եմ, ես իմ փոքր ներդրումն ունեցել եմ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում և այժմ ավելի լայն ուսումնասիրության նախագիծ եմ իրականացնում զանգվածային բռնության հանցագործների վերաբերյալ:

 

Հարցազրույցը՝ Արաքս Կասյանի