ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ապրիլի 23-24-ը դիտարկումներ է անցկացրել մսի շուկայում: ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Խորենացի փողոցի թիվ 2 շուկային հարակից մսի վաճառակետերում ծառայությունը ստուգումներ է իրականացնելու, թեպետ այնտեղ կատարվում են աշխատանքներ ծառայության կողմից, սակայն հիմա էլ այն համարվում է ռիսկային շուկա:

 

«Այդ պատճառով մենք անցկացրինք ստուգումներ մսի շուկայում, հայտնաբերեցինք տեղում դեռևս վաճառքի չհանված տասնմեկ խոշոր եղջերավոր կենդանու' կովի մսեղիք, որոնք չունեին անասնաբույժի կողմից տրամադրվող ուղեկցող փաստաթուղթ»,- հայտնեց Սուքիասյանը' ավելացնելով, որ հայտաբերված մսեղիքն ուղարկվել է լաբորատոր փոձաքննության'կասեցնելով վաճառքը:

 

Լաբորատոր փորձաքննությունից հետո պարզվել է, որ միսը համապատասխանում է անասնաբուժասանիտարական նորմերին և միսը դրվել է ազատ վաճառքի: «Մենք առաջիկայում էլ շարունակելու ենք մեր ստուգումները, առաջիկա շաբաթվա ընթացքում մեր մասնագետները կրկին լինելու են վաճառակետերում: Այն վաճառակետերում, որտեղ վաճառողը չի ունենա միս վաճառելու համար անասնաբույժի կողմից տրվող ուղեկցող փաստաթուղթը կենթարկվեն վարչական տուգանքների»,- տեղեկացրեց Սուքիասյանը:

 

ՍԱՊԾ-ը հիշեցնում է, որ լաբորատոր փորձաքննության համապատասխան փաստաթղթի բացահայության դեպքում վաճառակետերը կենթարկվեն վարչական տուգանքների և կկասեցվի տվյալ մսի վաճառքը: