Ամերիկայի hայկական hամագումարն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' ապրիլի 24-ին' Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարությանը: «Հայոց Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակի նախօրյակին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդես եկել է հայտարարությամբ: Սակայն այս հայտարարությունը իր բնույթով շատ հեռու է Հայոց Ցեղասպանության ճանաչումից և միաժամանակ նոր մակարդակներ է ավելացնում այն ժխտմանÕ ¨, որ սկիզբ է առել պաշտոնական Անկարայից: Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին ուղղված հայտարարությունը խնդրի հանգուցալուծմանը չի բերի'առանց իր ցեղասպան ժառանգության լիարժեք ընդունման»,- ասված է Ամերիկայի hայկական hամագումարի հայտարարության մեջ:

 

«Հայոց Ցեղասպանության զոհերը չեն կարող խաղաղությամբ ննջել, քանի դեռ Թուրքիան շարունակում է ցեղասպանության ժխտողականության իր քարոզարշավը», -հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին' հավելելով. «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու համար միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն, թուրքական կառավարությունը պետք է անդրադառնա ցեղասպանության հետևանքներին և իր ժխտողականության 99 տարիներին»:

 

Համագումարը քաջալերված է նրանով, որ անշրջելի միտում է նկատվում Թուրքիայի հասարակության մեջ, որը սկսել է հարցականի տակ դնել թուրքական պաշտոնական թեզերը և ձգտում է տեղեկանալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության մասին: Թուրքիայում գիտնականների և լրագրողների թիվը գնալով աճում է. Օրհան Փամուքից մինչև Էլիֆ Շաֆաք, Ռագըփ Զարաքոլուից մինչև Հրանտ Դինք խիզախորեն խոսում են Հայոց Ցեղասպանության մասին: