Բոլորը պետք է տան իրական գնահատական տեղի ունեցածին: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Նա միջազգային հանրությանը կոչ արեց ճանաչել և դատապարտել 1915 թվականի իրադարձությունները:

 

«Այսօր ոգեկոչման, հիշատակի օր է, մենք ցավում ենք հայ ժողովրդի հետ միասին, Ռուսաստանը 20-րդ դարասկզբի վայրագությունը ճանաչողներից մեկն է»,- ասաց դիվանագետը:

 

Նա իր հետ հատուկ այս օրվա համար բերել էր 1995 թվականի Ռուսաստանի պետդումայի' Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի արդյունքում ընդունված հայտարարությունը, որտեղ ընդգծվում է, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն իրականացվել է նաև Ռուսաստանի կազմաքանդման նպատակով:

 

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ և ուղերձ հղվում միջազգային հանրությանը' ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը' դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: