Համայն հայությունն ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, վերստին հնչեցնում կոչը Ցեղասպանության ճանաչման' հանուն բռնություններից ազատ ու բարօր աշխարհի: Նախորդ տարվա նման այս տարի ևս մոսկվաբնակ հազա րավոր հայեր, հասարակական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եկել էին նորաբաց եկեղեցական համալիր' իրենց խոնարհումը բերելու բյուր նահատակների հիշատակին և ծաղիկներ դնելու համալիրի տարածքում գտնվող հուշակոթողի մոտ:

 

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը ծաղկիներ են զետեղել հուշաքարի մոտ, որից հետո առաջնորդանիստ Մայր տաճարում հագեհանգստի կարգ է կատարվել: Արարողության ավարտին Եզրաս Սրբազանը դիմել է ներկաներին: «Օրեր առաջ մենք տոնեցինք Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ հաղթանակը մահվան նկատմամբ, ով եկավ աշխարհ և Իր մահվամբ հաղթեց մահին և Իր հարությամբ մեզ հարություն պարգևեց: Այսօր այս հավատքով համախմբվել ենք Տիրոջ տան մեջ, մեր Սուրբ Եկեղեցու խնկաբույր կ ամարների ներքո' ոգեկոչելու անմար հիշատակը ավելի քան 1.5 միլիոն անմեղ հայորդիների, որոնք դարձան զոհը, նահատակվեցին 1915թ. Ցեղասպանության օրերին' իրականցված Օսմանյան Թուրքիայում: Այժմ հայցում ենք մեր ամենախնամ Տիրոջ բարեգութ կամքը' նահատակների հոգիներն արժանացնելու երկնային խաղաղությանն ու երանությանը»,-ասել է Եզրաս Սրբազանը:

 

Հոգեհանգստի կարգին ձայնակցել է թեմի հովանու ներքո գործող Մոսկվայի «Հայորդյաց տան» երգչախումբը' գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանի ղեկավարությամբ:

 

Արարողությանից հետո ներկաներին հոգևոր հայրերն ուղեկցել են առաջնորդարան, որտեղ առաջին անգամ ցուցադրվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված հարյուրից ավելի լուսանկարներ, վավերգրական փաստաթղթեր, գրականություն:

 

Արարողությանն իրենց մասնակցությունն են բերել և ծաղիկներ զետեղել նաև Մոսկվայի «Հայորդյաց տան» սաները: Անդրադառնալով Եղեռնի ողբերգական դեպքերին' Եզրաս Սրբազանը սաներին ասել է. «Ինչպես Հիսուս հաղթեց մահին Իր Հարությամբ, այնպես էլ մենք հաղթեցինք չարին' մեր գոյությամբ, քանի որ այսօր ապրում ենք, ու կան ձեզ պես հրաշալի զավակներ: Մենք հաստատուն ենք մեր հավատի, աստվածսիրության ու մարդասիրության մեջ, հետևաբար արդարության արշալույսը բացվելու է մեր կյանքում: Ձեր իսկ գոյությունը մեր լավագույն պատասխանն է եղեռնագո րծներին: Աստված օրհնի ձեզ»:

 

Այնուհետև Սրբազանը սաներին բաժանել է գեղեցիկ խաչեր' ի հիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության և ի կոչ' դառնալու հայ ժողովրդի արժանի զավակ և արդար դատի պահանջատեր: