ՀՀ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանի որդու' Դավիթ Վարդանյանի գործը այս տարվա հունվար ամսին ուղարկվել է դատարան եւ արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է սույն գործով դատաքննությունը:

 

Վերջին նիստը հետաձգվել էր պաշտպան Վահան Հայրապետյանի բացակայության պատճառով. նրա առողջական վիճակը վատացել էր, նրան տեղափոխել էին Կապանի հիվանդանոց: Նշենք, որ դատական նիստը սկսվել եւ շարունակվում է Սյունիք մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

 

Երեկ, պատասխանելով մեր հարցին, թե ՀՀ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը գալի՞ս է որդու գործով դատական նիստերին, թե' ոչ, Դավիթ Վարդանյանի պաշտպանն ասաց. «Ոչ ոք իր ընտանիքի անդամներից չի գալիս դատական նիստերին: Ինքը (Յուրի Վարդանյանը) ասում է' երեխան իմն է, սխալ է արել, ղալաթ է արել, դրա համար էլ թող պատասխան տա: Նախարարը այդ մասին բազմիցս է ասել»: Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասի (թմրամիջոցների մաքսանենգություն) եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով: Ըստ մեղադրական եզրակացության, Դավիթ Վարդանյանը մեղադրվում է այն բանի համար, որ «անցյալ տարի, հոկտեմբերի 4-ի ժամը 19:20-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափերի' ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոցի ձեռքբերման համար, որից 7 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում եւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով' մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով ապօրինի տեղափոխել է Հայաստան»:

 

Պաշտպան Վահան Հայրապետյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ երեւի արդեն կսկսվի դատական վիճաբանությունների փուլը. դատակոչված բոլոր վկաները հարցաքննվել են: «Ապացույցները հետազոտված են: Վիճաբանությունների փուլում ճառով հանդես կգամ թե՛ ես, թե՛ մեղադրող դատախազը: Ես դատական նիստի ընթացքում հանդես կգամ նաեւ միջնորդությամբ, քանի որ ապացույցները բավարար չեն, իրենք բացատրությունը որպես ապացույց դրել են մեղադրական եզրակացության մեջ, ինչի իրավունքը չունեին: Ես գտնում եմ, որ Դավիթ Վարդանյանը բացատրություն է գրել հորդորանքի ուղղորդման տակ, որովհետեւ խաբել էին իրեն, որ եթե գրի, իրեն բաց կթողնեն, նա էլ, ինչ ցանկացել են' գրել է»,- ասաց պաշտպանը: Մեր հարցին, թե ո՞ւմ կողմից է եղել ուղղորդումը, Վահան Հայրապետյանն ասաց' ոստիկանության աշխատակից Զորիկ Վարդանյանի կողմից. «Նա իմ պաշտպանյալից երկու թերթ բացատրություն էր վերցրել: Երբ նրան հրավիրեցինք դատարան, ասաց, որ քանի որ Դավիթը իրեն վատ էր զգում, դրա համար նրան տեղափոխել են Երեւան, ռենտգենով բժշկական միջամտությամբ ստամոքսից հանել կուլ տված թմրանյութը: Ես էլ հարցրեցի' եթե իմ պաշտպանյալը իրեն վատ էր զգում, դուք էլ (նկատի ունի Զորիկ Վարդանյանին- հեղ.) բացատրություն էիք վերցնում, ինչո՞ւ այդ բացատրության մեջ չի նշվել, որ իրեն վատ էր զգում, որ ինքը ինչ-որ օտար մարմին ունի ընդունած, ինչո՞ւ այդ մասին չեք նշել: Այ դա արդեն, ինձ թվում է' ուղղորդված են բացատրությունը վերցրել»,- նշեց փաստաբանը:

 

Շարունակությունն` այստեղ: