Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակն արձագանքել է Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին:

 

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանի ուղերձը ոչինչ է, քան Թուրքիայի ժխտողական քաղաքականության նոր ձև, որի նպատակն է խանգարել միջազգային ճանաչմանը և դատապարտմանը: «Եվս մեկ անգամ 1915թ. իրադարձությունները գիտական մոտեցումով հետազոտելու համար պատմաբանների միացյալ հանձնաժողով ստեղծելու կոչը հնչեցնելով՝ Էրդողանը մոռանում է, որ անկախ գիտնականներ և ակադեմիկոսներ արդեն այդ իրադարձությունները որպես Ցեղասպանություն որակել են»,- ասված է հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ հայության բնաջնջումը դնելով Օսմանյան կայսրության ընդհանուր թվի պարունակի մեջ, հավասարեցնելով զոհին և ոճրագործին, ցավակցելով կորուսյալների թոռնիկներին՝ Էրդողանը խաղաղություն բերելու փոխարեն անարգում է նրանց հիշատակը: Հայության ջարդը իր իսկ պատմական հողերի վրա տեղի է ունեցել նույնիսկ Օսմանյան կայսրության փլուզումից հետո, պետական ծրագրով և բծախնդիր գործադրումով, իսկ եթե Թուրքիայի վարչապետը ցանկանում է իր ցավակցությունները հայտնել, նախ և առաջ պետք է ընդունի, որ Հայոց ցեղասպանությունն իրագործված է Թուրքիայի կողմից:

 

«Երկու ժողովուրդների՝ հայերի և թուրքերի միջև հաշտություն և խաղաղություն չի կարող լինել, եթե Թուրքիան չընդունի իր ցեղասպան անցյալը, չդատապարտի և նյութական ու հողային փոխհատուցումները չկատարի հայ ժողովրդի հանդեպ: Մնացածը պարզ խոսքեր են, և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության շարունակություն»,- ասել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը՝ հավելելով, որ քանի դեռ որևէ երկիր չի չի ճանաչում իր ոճիրը, չի կրում պատասխանատվություն, միշտ հավանական է, որ այս կամ այն ձևով կարող է կրկնել այդ ոճիրը, ուստի, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և հատուցումը հայության ապահովության հարցն է: