«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ հաջորդ նախագահական ընտրություններին կառաջադրվի նախագահի թեկնածու: Նա մինչ այդ կլինի ակտիվ ընդդիմադիր գործիչ, կլինի հասարակության կողքին, իսկ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջի:

 

Ապրիլի 25-ին հրավիրված ասուլիսում Բաղդասարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը կլինի անբարոյականություն, քանի որ նախագահի հետ աշխատել են վեց տարի, իսկ նախորդ նախագահական ընտրությունների ժանանակ' սատարել Սարգսյանին: Արթուր Բաղդասարյանի բնորոշմամբ' Սերժ Սարգսյանի հետ շարունակում են մնալ ընկերներ: «Սերժ Սարգսյանն էլ ինձ է ընկալում ընկեր, բայց քանի որ ընկերությունն ու քաղաքականությունն անհամատեղելի են, ճանապարհները շեղվում են և յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով: Մենք շարունակում ենք մնալ ընկերներ, սակայն դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանին չեմ քննադատելու: Միաժամանակ, սատարելու ենք բոլոր այն նախաձեռնություններում, որոնք կլինեն ի նպաստ ժողովրդի,- նշեց Բաղդասարյանը:

 

Արթուր Բաղդասարյանն այսօր հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից իր հրաժարականի մասին: Ինչպես արդեն հայտարարել էին ՕԵԿ քաղխորհրդի անդամները, Արթուր Բաղդասարյանն ապրիլի 25-ին առավել հստակեցրեց քաղաքական ուժի դիրքորոշումը' ձևավորվելիք կառավարության կազմում չներգրավվելու վերաբերյալ: