ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իրեն եւ կուսակցությանը քննադատողներին խորհուրդ է տալիս քաղաքագիտության մասին գրքեր կարդալ' հասականալու համար, որ աշխարհի բոլոր երկրներում էլ կուսակցությունները հաճախ են ճամբար փոխում' լինելով մեկ իշխանություն, մեկ ընդդիմադիր: «Սա քաղաքական գործընթացի մաս է եւ դա նորմալ ընթացք է»,- ապրիլ 25-ին Ազգային անվտանգության ծառայության շենքում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

Բաղդասարյանը մի քանի անգամ հավաստիացրեց, որ այսուհետ կուսակցությունն ընդդիմություն է, եւ այն շարունակելու է հավատարիմ մնալ իր սկզբունքներին:

 

Անդրադառնալով կոալիցիայից դուրս գալու որոշմանը, Բաղդասարյանն ասաց, որ իրենք ցանկանում էին նոր որակի քաղաքականություն իրականացնել, սակայն դա իրենց թույլ չէին տալիս: Բաղդասարյանի խոսքով' կոալիցիայում իրենց գործունեությունը սահմանափակված էր, եւ դա էր պատճառը, որ չէին կարողանում որոշումներ կայացնել: «Մենք ուզում ենք ազատություն: Դրա կարիքը շատ ենք զգում»,- մանրամասնեց նա:

 

Թեպետ ՕԵԿ առաջնորդը չխոստովանեց, որ նեղացած է ՀՀԿ-ից, սակայն ասուլիսի ընթացքում նրա խոսքերից ստացված տպավորությունը հենց այդպիսին էր: Բաղդասարյանը մի քանի անգամ կրկնեց, որ վերջին վեց տարվա ընթացքում ՀՀԿ-ն եւ ՀՀ Նախագահը ասել են ոչ թե «քաղաքական կոալիցիա» կամ «որոշում է կայացնում քաղաքական կոալիցիան», այլ հայտարարում էին, որ «որոշում է կայացնում քաղաքական մեծամասնությունը»:

 

Բաղդասարյանի գնահատմամբ, վեց տավա ընթացքում կուսակցությունը չի ունեցել դերակատարում, իրենց ձայնը քաղաքական որոշումների կայացման ժամանակ չեն հարցրել, իսկ ԱԺ ներկայացված 36 օրինագիծ այդպես էլ չի անցկացվել: Նրա փոխանցմամբ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին իմացել են լուրը հրապարակելուց մեկ օր առաջ: «Ոչ նրան պաշտոնից ազատելու, ոչ էլ նշանակման հետ մենք որեւէ առնչություն չունենք»,- ասաց ՕԵԿ-ի ղեկավարը' հավելելով, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը չկարողացավ կատարել ստանձնած պարտավորությունները: «Իմ կարծիքով' հրաժարականն անգամ ուշացած էր»,- ասաց նա:

 

Թեպետ Բաղդասարյանը հրապարակավ չխոստովանեց, որ վարչապետ դառնալու ակնկալիք ուներ, սակայն հասկացրեց, որ հենց այդ սպասելիքի չարդարացման պատճառով է դուրս եկել կոալիցիայից: «Այսօր մեզ հարցնում են' դուք ի՞նչ եք կարծում' ունենալով խորհրդարանում վեց պատգամավոր, դուք պետք է վարչապետի պաշտոնի՞ն հավակնեիք կամ ձեր տեսակետը հայտնեիք վարչապետի պաշտոնի վերաբերյալ: Մենք էլ ասում ենք' ինչո՞ւ վեց այլ ոչ թե յոթանասունվեց: Մենք կոալիցիա էինք եւ երբ անհրաժեշտ էր, հաշվի էր առնվում այդ վեց ձայնը: Ազգային ժողովում բազմաթիվ վի ճահարույց օրինագծեր անցկացվել են հենց այդ վեց ձայների շնորհիվ: Իսկ հիմա մենք գնում ենք մեր ճանապարհով, «Հանրապետական»-ն էլ' իր»,- նշեց նա' հավելելով, որ անկախ չարախոսություններից եւ քննադատությունից, կուսկացությունը շարունակում է մնալ «մրցունակ, լուսավոր եւ պահանջված»:

 

Քաղաքական դաշտում ու նոր իրավիճակում, ՕԵԿ-ը ոչ մեկի տեղը չի զբաղեցնի եւ կունենա ապագայի օրակարագ: Կուսակցության ղեկավարի գնահատմամբ, քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չեն լինում եւ կուսակցությունը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր դաշտում գործող բոլոր ուժերի հետ: «Պատրաստ ենք համագործակցել թե' «Բարգաված Հայաստան» կուսակցության, թե' Հայ ազգային կոնգրեսի հետ: Չի բացառվում, որ համագործակցենք ընդհանուր «քառյակի» հետ, եթե այնտեղ քննարկվեն մեր սկզբունքներին համապատասխան հարցեր»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

 

Նա ապրիլի 25-ին հայտարարեց, որ հրաժարվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Մինչ այդ, ապրիլի 16-ին «Օրինաց Երկիր» կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել' կոալիցիայից դուրս է գալու առնչությամբ: ՕԵԿ-ի' կոալիցիայի դուրս գալուց հետո, կուսակցության երեք նախարարները' Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը եւ Սամվել Թադեւոսյանը, լքեցին կուսակցությունը' հայտարարելով, որ նոր իրավիճակում իրենց գաղափարները չեն համընկնում կուսակցության որդեգրած ընդդիմադիր ուղու հետ: Երեք նախարարներից Արմեն Երիցյանը վերանշանակվեց, իսկ Սամվել Թադեւոսյանի փոխարեն քաղաքաշինության նախարար նշանակվեց Նարեկ Գալստյանը: