ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է քաղաքացիներ Վահան Գրիգորյանի և Գևորգ Մկրտչյանի կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) աշխատակից Վիրաբ Առաքելյանին կաշառք տալու, վերջինիս կողմից կաշառք ստանալու և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. հունվարի 25-ին' ժամը 15:45-ի սահմաններում, քաղաքացի Վահան Գրիգորյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, որը նկատել են ՃՈ տեսուչները և կանգնեցրել են նշված ավտոմեքենան:


Վահան Գրիգորյանը տեղում պայմանավորվածություն է ձեռք բերել այդ պահին ծառայություն իրականացնող ՃՈ երկու տեսուչներից մեկի' Վիրաբ Առաքելյանի հետ և նրան անձամբ տվել է կաշառք: Դրանից հետո Վիրաբ Առաքելյանը իր ապօրինի անգործության համար կաշառք ստանալով' առանց սահմանված կարգով խախտումն արձանագրելու վերջինիս թույլատրել է տրանսպորտային միջոցով շարունակել հետագա երթևեկությունը:


Այնուհետև, Վիրաբ Առաքելյանը, ստացած կաշառքը վերադարձնելու նպատակով կրկին կանգնեցրել է Վահան Գրիգորյանի ավտոմեքենան: Վերջինս հայտնել է, որ նրա կաշառք ստանալու փաստը տեսանկարահանել են և այն չհրապարակելու սպառնալիքով ՃՈ տեսուչներից պահանջել 500.000 ՀՀ դրամ:
2014թ. հունվարի 28-ին Վահան Գրիգորյանը և Գևորգ Մկրտչյանն իրենց պահանջած գումարը ոստիկանության աշխատակիցներից ստանալու պահին Էջմիածին քաղաքում բռնվել են ոստիկանության օպերատիվ խմբի կողմից և բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:


Վահան Գրիգորյանին և Գևորգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ ՃՈ աշխատակից Վիրաբ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում կաշառք տալու և շորթում կատարելու մեջ մեղադրվող Վահան Գրիգորյանի և Գևորգ Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:


Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: