Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին այցելել է Հադրութ շրջկենտրոն, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի հրամկազմի եւ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետեւ Նախագահն այցելել է Հադրութի շրջանի Արաքսավան գյուղ եւ հանդիպել այնտեղ կազմակերպված Երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

Դիմելով Արցախը եւ Սյունիքը ներկայացնող մոտ 700 երիտասարդներին' Նախագահը նշել է, որ լայնածավալ համապետական ծրագրերի իրականացումը մեծապես կախված է երիտասարդությունից: Երկրի ղեկավարի խոսքով, եթե երիտասարդությունն զգա ծրագրի կարեւորությունն ու հրատապությունը եւ պատրաստ լինի ակտիվորեն ներգրավվել, ապա ցանկացած խնդիր կարող է եւ պետք է հաջողությամբ լուծվի: Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ մատաղ սերունդն ի վիճակի է շարունակել ավագների գործը եւ ունի անսպառ եռանդ, հայրենասիրական ոգի ու համախմբված է` հայրենիքին սատար լինելու ‚ նրա պայծառ ապագան կերտելու սուրբ գաղափարի շուրջ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Սյունիքից ժամանած պատվիրակությունը' մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք: