Մակեդոնիայի իշխող կուսակցությունը՝ Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն- Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցությունը (ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ), հաղթանակ է տարել երկրի՝ ապրիլի 27-ին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում, որոնք ընդդիմությունը խոստացել է չճանաչել:

 

Պետական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ պետության գործող ղեկավար եւ ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ-ի թեկնածու Գեորգի Իվանովը հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 55 տոկոսը: Նույն այդ կուսակցությունը 43 տոկոս ձայներով վստահորեն շահել է խորհրդարանական ընտրությունները:

 

Երկրի առաջատար ընդդիմադիր ուժը՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությունը (ՄՍԴՄ), երկու ընտրություններում էլ զբաղեցրել է երկրորդ տեղը: Նախագահական ընտրություններում ՄՍԴՄ-ի թեկնածուն՝ Ստեւո Պենդարովսկին, հավաքել է ձայների 41 տոկոսը, իսկ խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցությունն ստացել է ընտրողների 25 տոկոսի աջակցությունը:

 

ՄՍԴՄ-ի առաջնորդ Զորան Զաեւը հայտարարել է, որ սոցիալ-դեմոկրատները չեն ճանաչում ոչ խորհրդարանական, ոչ Էլ նախագահական ընտրությունների արդյունքները՝ իշխող կուսակցությանը մեղադրելով այն բանում, որ քվեարկությունն անցկացվել է ոչ դեմոկրատական մթնոլորտում եւ ընտրողների վրա վարչական ապարատի տարատեսակ ճնշումների պայմաններում: Նրա խոսքով՝ նաեւ տեղ են գտել ընտրողների կաշառումը, կրոնական օբյեկտների չարաշահումը եւ իշխող կուսակցության օգտին քարոզարշավում հոգեւորականների ներգրավումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: