Այսօր ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է:

Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945-ի հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968-ի ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972-ին Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987-ին նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ հիմնադիր Նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել և մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է և վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։

1989-ի օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-ի հուլիսին՝ ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990-ի մայիսն կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991-ի հոկտեմբերի 16-ին ձայների մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև 1996-ի սեպտեմբերի 22-ին։

1998-ի փետրվարի 3-ին հրաժարական է տվել ՀՀ Նախագահի պաշտոնից։

2007-ին Տեր-Պետրոսյանը նորից վերադարձավ քաղաքական դաշտ։ Նրա շնորհիվ հենց 2007-ից սկսվեց նոր համազգային շարժում՝ հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին:

2008-ին Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում առաջադրեց իր թեկնածությունը, սակայն կեղծված ընտրությունների արդյունքում պարտություն կրեց:

Լուրեր.com-ը զրուցեց քաղաքական գործիչների հետ, ովքեր, շնորհավորելով Տեր-Պետրոսյանին, գնահատական տվեցին վերջինիս գործունեությանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Տեր-Պետրոսյանին գնահատում է որպես լուրջ մտավորական և որպես գիտնական:

«Ես ուզում եմ շնորհավորել ՀՀ առաջին նախագահին: Լևոն Տեր-Պետրոսյանին ես գնահատում եմ որպես լուրջ մտավորական, որպես գիտնական: Ես ինքս հաճույքով ընթերցում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի գրքերը և սիրով կսպասեմ Լևոն Տեր-Պետրոսյան մտավորական-գիտնականի հաջորդ գրքերին: Մենք պետք է կարողանանք գնահատել՝ մի կողմ դնելով քաղաքական տարբեր տարաձայնություններ և քաղաքական տարբեր մոտիվացիաներ: Պետք է կարողանանք գնահատել այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի կայացման գործում: Մենք չպետք է մոռանանք նաև, որ պատերազմի հաղթանակը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ»,-ասաց Զոհրաբյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ իր հերթին է շնորհավորեց ՀՀ հիմնադիր նախագահին, նշեց, որ նրան՝ որպես քաղաքական գործչի շատ բարձր է գնահատում և ցանկանում է ամենայն բարիք:

Լուրեր.com-ը զրուցեց նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովի հետ.

«Նա իմ երկրի առաջին նախագահն է: Ես խոր հարգանք ունեմ իմ երկրի բոլոր նախագահների նկատմամբ: Եղել են շատ տարբեր քաղաքական տեսակետներ, բայց ես հարգում են նրան: Երկար տարիների կյանք եմ ցանկանում առաջին նախագահին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ծննդյան օրերին քիչ են հիշում մարդկանց թերությունների մասին, հիշում են միայն լավը. «Շնորհավորում եմ ՀՀ առաջին նախագահին տարեդարձի կապակցությամբ: Նա բավականին բարդ ժամանակում է ղեկավարել երկիրը, և որքան էլ կան տարբեր գնահատականներ նրա պաշտոնավարման տարիների հետ կապված, մի բան ակնհայտ է, որ այդ տարիներին Հայաստանը և Արցախը շահեցին պատերազմը, և դա բավական է ասելու, որ Տեր-Պետրոսյանը վատ քաղաքական գործիչ չէ: Միգուցե կան սխալներ, վրիպումներ, բացթողումներ, դրանցից ոմանք նույնիսկ, կարող է, կոպիտ են կամ աններելի, բայց, համենայն դեպս, նա իր պաշտոնավարման ընթացքում պատերազմի համար ապահովել է այնպիսի ելք, որը թույլ է տալիս նրան բարձր գնահատել»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ անձամբ է գնում Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորելու. «Իմ մաղթանքներն անձամբ կփոխանցեմ»,-ասաց նա:

Գայանե Համբարձումյան