Ադրբեջանում ձերբակալվել են հայտնի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը եւ նրա ամուսինը' կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը:

 

Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, ապրիլի 28-ի երեկոյան զույգը պետք է մեկներ Բրյուսել' մասնակցելու միջազգային գիտաժողովի: Բաքվի օդանավակայանում նրանց հայտնել են, որ երկրից ելքը նրանց համար արգելված է: Այն բանից հետո, երբ նրանց ուղեկիցները' Բաքվում ֆրանսիայի դեսպանը եւ ԱՄՆ դեսպանի տեղակալը խոսել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հետ, նրանց բաց են թողել, սակայն, հետո ինքնաթիռից իջեցրել եւ տարել են հարցաքննության:

 

Գիշերը Լեյլա Յունուսի տանը եւ աշխատավայրում խուզարկություններ են կատարվել: Խուզարկություններից հետո Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը ձերբակալվել են որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալներ, որը գտնվում է հետաքննության տակ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հայրենիքի դավաճան» հոդվածով: Նրան մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով Ռաուֆ Միրկադիրովը մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ, իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապօ րինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ: