Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ' Հայաստանում ընդդիմադիր դաշտն ուներ հնարավորություն միասնական ճակատով հանդես գալու, որը սակայն չիրականացրեց: «Ազգային ժողովի խոսնակի հարցում նրանք կարող էին հանդես գալ միասնական թեկնածուով ու ցույց տալ իրենց միասնականությունը: Բայց մենք տեսնում ենք, որ դա նրանց չհաջողվեց, կամ չցանկացան հանդես գալ մեկ միասնական ուժով: Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումն էլ պարզվեց, որ անակնկալ էր որոշ ուժերի համար, որը ևս ցույց է տալիս այն բաժանումը, որ կա այդ ուժերի միջև: Այստեղ պետք է հիշել օլիմպիական սկզբունքը, որ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը: Գոնե ցույց տային, որ կարող են համախմբված հանդես գալ, ինչը տեղի չունեցավ»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետը:

 

Լրագրողի դիտարկմանը, թե խորհրդարանական մեծամասնության պարագայում նրանց ձայնը լսելի չէր լինելու, քաղաքագետը նշեց. «Տվյալ դեպքում խոսքը քաղաքական գործընթացի մասին է, ձեր տրամաբանությամբ շարժվելով' փոքր քաղաքական ուժերը չպետք է մասնակցեն ընտրություններին, քանի որ չեն անցնի խորհրդարան: Քաղաքականության մեջ միշտ չէ, որ կարևոր է վերջնական արդյունքը, կարևոր է նաև գործընթացը, որի շնորհիվ կարելի է հետագայում հասնել ինչ-որ արդյունքի»,-ասաց Ալեքսանդր Մարկարովը:

 

Քաղաքագետի խոսքով' ոչ իշխանական քառյակի հետագա գոյությունը կախված է նրանից, թե ինչն է քառյակն ընդունում որպես ընդհանուր գործ: «Եթե ընդհանուր գործն իշխանության գալն է, այստեղ հարցն այլ է, բայց եթե հարցը եղել է վարչապետի պաշտոնանկությունը, ապա նրանք պետք է հանդես գային այլընտրանքային ծրագրով: Քննադատելն առավել հեշտ է, դժվար է հանդես գալ կառուցողական ծրագրով ու դրա վերաբերյալ քննարկում անցկացնել»:

 

Քաղաքագետի խոսքով' կառավարության կազմի ձևավորման հիմնական սկզբունքը ռացիոնալ ընտրությունն է, որը կատարել է իշխող ուժը' հաշվի առնելով ռեսուրսների բանկը, որն առկա է ներկայումս: Այս կառավարությունը ցույց է տվել այն խնդիրներից մեկը, որ բարդ է գտնել նոր կադրեր, գտնել այն նոր սերունդը, ով կարող է մտնել պաշտոնյաների էշելոնի մեջ: