Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը մասնակցեց խորհրդարանի ղեկավարի ընտրության քվեարկությանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Սահակյանը ևս մեկ անգամ նշեց, որ դրական է գնահատում իր մրցակցի՝ Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը, քանի որ այդպիսով հնարավորություն ստեղծվեց առավել ռեալ դարձնել քվեարկությունը: «Եթե ես ձայների մեծամասնությամբ ընտրվեմ, կարծում եմ, որ դրան ինչ-որ տեղ կնպաստի նաև Հրանտ Բագրատյանը: Եվ ցանկանում եմ ասել, որ երբ հաղթում ես պայքարով, ավելի ես ամրանում և ծրագրերդ ավելի հստակ են դառնում»,-ասաց նա:

 

Գալուստ Սահակյանը դրական է գնահատում նաև Ռուբիկ Հակոբյանի առաջադրումը, ով, սակայն, հետո հանեց իր թեկնածությունը: «Այն ելույթները, որ պարոն Հակոբյանը և պարոն Բագրատյանը ունեցան որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ, հատկապես խորհրդարանում բարեփոխումներ իրականացնելու մասով շատ հաջողված էին և կարող են օգնել ինձ իմ հետագա ծրագրերը մշակելու գործում»,- ասաց Սահակյանը:

 

Ազգային ժողովում ավարտվեց խոսնակի ընտրության քվեարկությունը: Քվեարկության մասնակցել է նաև մյուս թեկնածուն՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով ինքնաառաջադրվել է: Քվեարկության չեն մասնակցել ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը (չնայած ՀԱԿ խմբակցության անդամ Փաշինյանը մասնակցել է քվեարկությանն ու ձայնը տվել Բագրատյանին) և «Ժառանգություն»-ը: ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը պատգամավորներին ազատ են թողել իրենց որոշման մեջ: Քվեարկության արդյունքների մասին կհայտարարվի ժամը 14:30-ին: