«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ նախագիծը չի լուծում բոլոր հարցերը, սակայն ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության իրականացման առաջին քայլն է: Այս մասին Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակներկ մասին» օրենքի 76-րդ հոդվածի դրույթները կասեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Ես մասնակցել եմ ՀՀ վարչապետի և ոչ իշխանա կան ուժերի հանդիպմանը, որի ժամանակ արձանագրվեց, որ առանց քաղաքական պայմանավորվածությունների անհնար է իրականացնել կենսաթոշակային բարեփոխումները, և այս նախագծի ներկայացումը հենց այդ պայմանավորվածության առաջին քայլերից մեկն է»,-ընդգծեց Հարությունյանը:

 

Նա նշեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը չի կարգվորում բոլոր խնդիրները, սակայն ժամանակ է տալիս, որպեսզի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացվող քննարկումների արդյունքում հնարավոր լինի վերջնական որոշում կայացնել, որը կբխի բոլորի շահերից: «Այս նախագծի ընդունումը մեզ առաջ շարժվելու և ճիշտ որոշում կայացնելու հնարավորություն է տալու: Վարչապետն էլ արդեն հայտարարել է, որ օրենքում կան լուրջ խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է պետք: Ուրեմն, եկեք տանք այդ ժամանակը»,- ասաց պատգամավորը:

 

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, ինչով կկասեցվի պարտադիր վճարները չկատարելու դեպքում տույժերի հաշվարկը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ հայտարարել է, որ այս նախագծով «դե ֆակտո» կասեցվում է պարտադիր բաղադրիչը: