ՀՀ ԱԻ նախարարի հրամանով այսօր' ապրիլի 30-ին, ԱԻ համակարգի պատմության մեջ առաջին անգամ, հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ' Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը: «Մեր առաջին հանդիպման ժամանակ խոստացար, որ լավ ես աշխատելու: Տեսնում եմ' կատարում ես խոստումդ, բայց կարո՞ղ ես ավելի մեծ պատասխանատվություն վերցնել քեզ վրա»,-նշել է ԱԻ նախարարը: «Ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն ես կաշխատեմ արդարացնել Ձեր վստահությունը»,- նախարարի հարցին ի պատասխան' ասել է Էվելինան: Նախարար Արմեն Երիցյանը շնորհավորել է նրան նոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ' նշելով, որ հավատում է նրա ուժերին:

 

Սևանի ՀՓՋ նոր հրամանատարը ծանոթ է իր անձնակազմին, քանի որ հաճախ միասին են արձագանքում արտակարգ դեպքերի կանչերին, վստահ է, որ ծառայակիցների հետ կաշխատեն հարգալից ու համերաշխ մթնոլորտում' շարունակելով նաև համագործակցել ջրափրկարարական ջոկատի հետ:

 

Էվելինա Խաչատրյանը ծնվել է 1981թ. փետրվարի 2-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում:
1998թ. միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել և 2003թ. կրկին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Մասնագիտությամբ ուսուցչուհի է' օտար լեզուների մասնագետ: Տիրապետում է գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին: 2003-2004թթ. աշխատել է Սևանի ակնաբուժական կլինիկայում' որպես օպերատոր, միաժամանակ' եղել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կամավոր: 2005-2010թթ. եղել է ՀԿԽԸ ջրափրկ արարության ծրագրի հրահանգիչ: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում փորձի փոխանակման և որակավորում ստանալու նպատակով գործուղվել է Սերբիա և Գերմանիա: 2010-2012թթ. գերմաներեն է դասավանդել Մ. Խորենացու անվան համալսարանի Սևանի մասնաճյուղում: 2013թ. օգոստոսից ծառայության է անցել ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատում՝ որպես հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ և ստացել փ/ծ լեյտենանտի կոչում: Հետաքրքրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներով, սիրում հաճախել ցուցահանդեսներ, թատրոն ու զբաղվել ընթե րցանությամբ: Փոքրուց սովորել է լողալ, իսկ 2005թ. արդեն զբաղվում է պրոֆեսիոնալ լողով և մասնագիտացել է ջրասուզակային գործում: ԱԻՆ համակարգում ծառայության ընթացքում հասցրել է աչքի ընկնել մասնագիտական պատրաստվածությամբ ու բարեխիղճ աշխատանքով:

 

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նշանակումներ են կատարվել նաև ՓԾ Երևան քաղաքի վարչությունում, ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներում: