Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունը և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից բերման են ենթարկել 1980թ. ծնված Սասուն Ե.-ին, ում մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28 ,2 գ դեղնականաչավուն զանգված և 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն' 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:

 

Պարզվել է նաև, որ Արևիկ Շ.-ն շշի մեջ գտնվող ծիրանի հյութի մեջ մանրացրել և լուծել է 30 հաբ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը ապրիլի 28-ին ձեռք է բերել Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 5 շենքի մոտ' 1957 թ. ծնված Աղասի Ա.-ից, ով նույն օրը, ժամը 20.00-ին, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

 

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

 

Ապրիլի 29-ին ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության ծառայողների պահանջով Արևիկ Շ.-ն իր բնակարանից ներկայացրել է «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոցի 30 հաբ:

 

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է նախաքննություն: