Նախարարների նշանակումից հասարակության և լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում հնչող դժգոհությունների ֆոնին երեկ հաճելի բացառություն էր Արդարադատության նոր նախարարի նշանակման շուրջ հնչող դրական կարծիքները: Հետաքրքիր է, որ ակտիվ օգտատերերի գերակշիռ մեծամասնությունը ողջունեց նշանակումը մի ոլորտում, որտեղ կադրային փոփոխությունները մշտապես ուղեկցվել են դժգոհություններով և անվստահությամբ:

 

Մասնավորապես ֆեյսբուքյան տիրույթում, հատկապես մասնագետների շրջանում, գերակշռում էր այն միտքը, որ Հովհաննես Մանուկյանը ոլորտի առաջատար և լավագույն մասնագետներից մեկն է: Նորանշանակ նախարարը ՀՀ արդարադատության համակարգի հնաբնակներից է, այն եզակի պաշտոնյաներից, ում՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահության ժամանակահատվածում այս կառույցին չի հասել այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ամենահաս ձեռքը: Մանուկյանը չէր ենթարկվում ճնշումների և կարողանում էր պահպանել դատական համակարգի անկախությունը տարաբնույթ ոտնձգություններից:

 

2011 թվականի փետրվարից Հովհաննես Մանուկյանն զբաղված է դիվանագիտական աշխատանքով: Նա Վրաստանում Հայաստանի դեպանի պաշտոնը ստանձնեց մի ժամանակահատվածում, երբ հայ-վրացական հարաբերություններում առկա էին բազմաթիվ դժվար լուծելի խնդիրներ, այդ թվում պրոբլեմատիկ հարցեր հայ համայնքում: Մանուկյանին հաջողվեց ռելսերի մեջ գցել հայ-վրացական հարաբերությունները, սերտ հարաբերություններ հաստատել հայկական կառույցների միջև:

 

Բոլոր ոլորտներում, որտեղ աշխատել է Մանուկյանը' ունեցել է բարձր հեղինակություն. այն բացառիկ մասնագետներից է, որի կարիքը մշտապես զգացվել է արդարադատության համակարգում: Այս տեսանկյունից Արդարադատության նորանշանակ նախարարն ընդունելի թեկնածու է հասարակության լայն շերտերի համար, որովհետև համարվում է պրոֆեսիոնալ և տարաբնույթ գործարքներով չվարկաբեկված մարդ: Երեկվա քննարկումներում, մասնավորապես, գերակշռում էր այն կարծիքը, որ Սերժ Սարգսյանի այս նշանակումը կարևոր քայլ էր անկախ դատական համակարգ կայացնելու ճանապարհին: