Վաշինգտոնում տեղի ունեցած' «Ադրբեջան. հայացք ապագային» կոչված գիտաժողովում ունեցած ելույթում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անհանգստություն է հայտնել Բաքվում անցյալ շաբաթ հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության եւ ապրիլի 28-ին Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, ֆրանսիական Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ, հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ հետաքննություն սկսվելու առնչությամբ: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

 

«Մենք անհանգստացած ենք անցյալ շաբաթ հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությամբ եւ իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու' Արիֆ Յունուսի գործով հետաքննություն սկսելու առնչությամբ: Բոլոր երեքն էլ երկխոսություն եւ վստահության միջոցներ կարգավորելու գծով գործընթացի ակտիվ մասնակիցներ են եղել: Ադրբեջանի իշխանությունների գործողությունները սառեցնող ազդեցություն կունենան ադրբեջանցիների եւ հայերի միջեւ ցանկացած շփմանի վրա: Մենք դա սխալ ենք համարում», -ասել է Մորնինգսթարը:

 

Ապրիլի 28-ին Լեյլա Յունուսը եւ նրա ամուսինը, կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսն Ադրբեջանի իրավապահների կողմից բերման են ենթարկվել Բաքվի օդանավակայանից, երբ նրանք մեկնում էին Բրյուսել' մասնակցելու միջազգային գիտաժողովի: Ոստիկանության աշխատակիցները Լեյլա Յունուսի դեմ անձը նվաստացնող գործողություններ են կատարել: Տեղի ունեցած ապօրինությունների արդյունքում' Արիֆ Յունուսը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Լեյլա Յունուսը բերման է ենթարկվել է' որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալ, ով գտնվում է հետաքննության տակ' Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հայրենիքին դավաճանության» հոդվածով: Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, եւ իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապօրինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատ վել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ:

 

Freedom House կազմակերպությունը դատապարտել է Լեյլա Յունուսի դեմ Ադրբեջանի իշխանության բռնությունները: Կազմակերպության նախագահ Դեւիդ Կրեմերը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է հասարակական եւ քաղաքական ակտիվիստներին լռեցնելու արշավը: Նա նաեւ հավելել է, որ ադրբեջանական կառավարության այդ քայլը սարսափելի արարք է' Եվրոպայի Խորհրդի Նախարարների խորհրդի նախագահությունն Ադրբեջանի կողմից ստանձնելու շեմին: