«Քարնեգի» կենտրոնի ճանաչված լրագրող եւ վերլուծաբան Թոմա Դե Վաալը գտնում է, որ Ուկրաինայի իրադարձություններից տագնապած ալիեւյան վարչակարգը իրվապաշտպանների նկատմամբ իր բռնություններով արդեն անցնում է «կարմիր գիծը»: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ ամերիկացի վերլուծաբանը նկատի ունի վերջին ամիսներին Ադրբեջանում կատարված ձերբակալությունները, այդ թվում' Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների բերման ենթարկելը Բաքվի օդանավակայանից, երբ նրանք մեկնում էին Բրյուսել' միջազգային գիտաժողովի մասնակցելու համար:

 

«Լեյլա Յունուսը հեռախոսազրույցում ինձ հայտնեց, որ իր, ամբողջ գիշեր անցկացված հարցաքննությունը նվիրված է եղել մեկ հարցի' հայերի հետ իր ընդհանուր աշխատանքին: Սրանից մեկ շաբաթ առաջ էլ ճանաչված լրագրող, երկու երեխաների հայր Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվեց ֆանտաստիկ մեղադրանքով' հայերի օգտին լրտեսության համար», - գրել է Թոմաս դե Վաալը:

 

Վերլուծաբանը գտնում է, որ այլախոհների, իրավապաշտպանների նկատմամբ մշտական դաժանությունը, վախը, այլակարծության անհանդուրժողությունը, ամեն տեղ լրտես տեսնելու հիվանդությունը, հակաարեւմտյան հոգեվիճակը բնութագրական է դարձել Ադրբեջանի վարչակարգի համար:

 

Հեղինակը հիշեցնում է, որ 1990-ականներին Հեյդար Ալիեւն աջակցում էր Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ Արեւմուտքի կողմից իրագործվող ոչ կառավարական կապերի զարգացմանն ուղղված ծրագրերին:

 

«Վերջին տարիներին այդ նախաձեռնությունները նշանակալից չափով նվազել են: Միրկադիրովն ու Յունուսը մասնակցում էին Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի կառավարությունների աջակցությամբ անցկացվող «Հասարակական երկխոսություն» կոչված ծրագրին: Իսկ այժմ ադրբեջանական իշխանություններն այդ նախագծի մասնակիցներին անհեթեորեն մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ», - նշել է նա:

 

Թոմաս դե Վաալի կարծիքով' Ադրբեջանի վարչախմբի նման պահվածքի պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ Ուկրաինայի հետ կապված լարվածության պատճառով Բաքվի վարչախումբն իրեն անփոխարինելի էներգետիկ մատակարար է համարում եւ հավատում, որ ինչ էլ անի' ապահովված է Արեւմուտքի քննադատությունից: