Ուշադիր հետևում եմ Շարմազանովի հայտնի հայտարարությանը ընդդիմադիր, այլընտրանքային և աստված գիտի ինչ ուժերի արձագանքներին: Ինձ հետաքրքրում է հատկապես ԲՀԿ-ի տեսակետը, որովհետև հենց այս ուժն էր հավակնում լինել քաղաքական դաշտի լոկոմոտիվը...

 

Հարգելիներս, թողեք այդ բառերով կռվելու արվեստը: Բառերով կռիվն էֆեկտիվ է այն ժամանակ, երբ նախապատրաստվում ես հիմնական մարտին և մրցակցիդ փորձում ես հաղթել հոգեբանորեն: Բայց այդ կռվից հետո, երբ ռինգ ես բարձրանում, պետք է գործի դնել բռունցքները, ոչ թե մարտը սկսելուց անմիջապես հետո մրցավարի փոխարեն բարձրացնել մրցակցի ձեռքը՝ որպես հաղթողի:

 

Այդպես վարվեցիք ԱԺ նախագահի ընտրության ժամանակ: Բառերի հեղեղ արիք, հոխորտացիք լրատվամիջոցներով, հրաժարվեցիք մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին՝ ընտրության գործընթացը ինքնին ֆարս համարելով, իրավական կազուս ստեղծեցիք խորհրդարանում: Այո, վարվեցիք իսկական մարզիկի պես, որը մարտի է պատրաստվում: Սակայն բուն գործընթացի օրը գնացիք և ընտրեցիք Գալուստ Սահակյանին՝ գլխահակ անցնելով ՀՀԿ-ի սրի տակով: Գոնե բոյկոտեիք՝ եթե չէիք կարող դեմ քվեարկել, սակայն ՀՀԿ-ից ակտիվ մասնակցեցիք ընտրություններին և դրեցիք Գալուստի հաղթապսակը:

 

Վստահ եմ, նույն կերպ վարվելու եք կառավարության ծրագրի քվեարկությանը: Հերոսական բալլադներ եք հյուսելու, հաղթական կռինչներ արձակելու, մղկտալու եք ժողովրդի ցավերով, սակայն քվեարկության օրը կրկին նպաստելու եք ՀՀԿ-ի վերարտադրության ֆունդամենտը լցնելուն: Միշտ այդպես եք վարվել, ցավոք: Որովհետև դուք քաղաքական դաշտում հակակշիռ չեք իշխող ուժին, այլ կշռաքար, որն օգտագործվում է որոշ առաջնորդների ամբիցիաները և այսրոպեական շահերը սպասարկելու համար:

 

Եվ ես սա ցավով եմ ասում, որովհետև առաջիններից եմ, որ ողջունել եմ քառյակի ստեղծումը, ոգևորվել դրանով և վերլուծություններով փորձել մի քար հանել ձեր ճանապարհից: Հիմա այս ինչ խուճապի եք մատնվել Շարմազանովի հայտարարությունից: Մի կողմ թողնենք այն, որ նա ուղղակի բառախաղ է արել՝ ցիտելով հայտնի քաղաքագիտական կանոններ: ՀՀԿ-ի խնդիրն է՝ ինչեր կհայտարարի և ինչ հեռանկարներով կվախեցնի իր քաղաքական ախոյաններին, կամ ինչպիսի մեսիջներ կհղի այս կամ այն անձանց: Դուք, որպես ազդեցիկ ուժ, ոչ միայն ոչինչ չեք անում ՀՀԿ-ի մենաշնորհի դեմ, այլ ամեն ինչ անում եք՝ այն ամրացնելու համար: Իսկ ամեն այդպիսի փաստից հետո կրկին անցնում եք հակաիշխանական բառակույտեր տիրաժավորելու փորձված մեթոդին: Հասարակության համար քանի կոպեկ արժի այդ պայքարի իմիտացիան՝ դատեք ինքներդ:

 

Քաղաքականության մեջ այդ կիսահղի վիճակը ի վերջո տանելու է անխուսափելի ՕԵԿ-ացման: Դուք եք ընտրում ձեր քաղաքական ապագան, ձեր գործն է: Սակայն իրական գործողությունների ֆոնին ձեր լրատվական հերոսամարտերը արդեն ոչ թե ծիծաղ, այլ ժպիտ են հարուցում:

 

Ու նաև ձեր գործողությունների արդյունքում է, որ իսկապես համաձայն չեմ Շարմազանովի հայտարարության հետ: Տասը տարին ի՞նչ է որ, նման այլընտրանքների պարագայում կարելի է հավերժ իշխել...

 

Գալուստի ականջը «խուլ»...



Վարուժան Բաբաջանյան