Որոշ գերմանական խոշորագույն ընկերություններ կոչ են արել Անգելա Մերկելին չաջակցել ԱՄՆ-ի նախաձեռնությունը՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների հարցում: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Wall Street Journal թերթին:

 

«Գերմանիայի խոշորագույն ընկերություններից BASF SE-ը, Siemens AG-ը, Volkswagen AG-ը, Adidas AG-ը և Deutsche Bank AG-ը, բացահայտ հանդես են եկել Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին հակադրվող հայտարարությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իրենց կարծիքն ու դիրքորոշումը նշված ընկերությունները ներկայացրել են թե′ հասարակությանը բանավոր, թե′ պարբերականներին տված հարցազրույցների միջոցով:

 

Ըստ Wall Street Journal-ի՝ Ուկրաինայի ճգնաժամի վատթարացման ֆոնին, Գերմանիայի պաշտոնական դեմքերն ստանում են բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց ընթացքում հեղինակավոր գործարարները հորդորում են չանել այնպիսի քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել Գերմանիայի տնտեսական շահերին:

 

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Ուկրաինայում իրավիճակը կքննարկեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը։