Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավերով մայիսի 5-ին կայցելեն Թբիլիսի: Այցը կշարունակվի մինչեւ մայիսի 7-ը:

 

Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ մայիսի 6-ին տեղի կունենա եռակողմ գագաթաժողով: Նախատեսվում է նույն օրը թուրք եւ վրացի գործարարների մասնակցությամբ անցկացնել նաեւ գործարար համաժողով: Գագաթաժողովում նախատեսվում է քննարկել նաեւ երկկողմ օրակարգային եւ միջազգային հարցեր:

 

Թերթը գրում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից անմիջապես հետո կազմակերպված այդ հանդիպման նպատակը տարածաշրջանի վրա այդ գործընթացների հնարավոր ազդեցությունների քննարկումն է:

 

Թեմայի հետ կապված Ադրբեջանի Նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ «առանց սպասելու որեւէ մեկի արձագանքին, Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի իր անվտանգության համար»: Նրա կարծիքով' Վրաստանում անցկացվող հանդիպումը բխում է երեք երկրների շահերից: Ըստ Գուլուզադեի' Ադրբեջանն իր դաշնակիցների հետ միասին պետք է «անդրադառնա տարածաշրջանային զարգացումներին եւ առաջանցիկ քայլեր կատարի»: