Ադրբեջանի զինված ուժերի գեներալ Բագիր Ֆաթուլաեւը փախել է Ռուսաստան: Ինչպես հաղորդում է haqin.az լրատվական կայքը, այս մասին հայտնել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

 

Նշվում է, որ ադրբեջանցի գեներալի փախուստի պատճառը Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովի հետ վեճն է: Գլխավոր շտաբի պետի հետ հերթական վիճաբանությունից հետո Բագիր Ֆաթուլլեւը հայտարարել է, որ այլեւս չի կարող աշխատել նման պայմաններում եւ հեռացել է երկրից:

 

Ուզեիր Ջաֆարովի խոսքով' Բագիր Ֆաթուլաեւը նախկինում ծառայել է ռուսական բանակում: Նա Ադրբեջան է վերադարձել նախկին նախարար Սաֆար Աբիեւի հրավերով եւ Զինված ուժերի ակադեմիայում բարձր պաշտոնի նշանակվել:

 

Ադրբեջանցի գեներալ Բագիր Ֆաթուլաեւի Ռուսաստան փախչելու մասին տեղեկատվության տարածումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որոշել է հանդես գալ դրա հերքումով եւ այնուհետեւ ընդհանրապես ուրացել է ադրբեջանական բանակի շարքերում նման գեներալի առկայությունը:

 

«Այդ մարդը ոչ Արբեջանի քաղաքացի է, ոչ էլ ադրբեջանական բանակի գեներալ», -ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ, որը հակասում է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի պնդումներին: Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հրաժարվել էր մեկնաբանել տվյալ տեղեկատվությունը: