Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՄԱԿ-ի գաղթականների հարցերով ընդհանուր պատասխանատու Վալերի Ամոսից նամակ է ստացել, որտեղ պաշտոնյան շնորհակալություն է հայտնել վեհափառ հայրապետին՝ իր հետ ունեցած հանդիպման համար, և վստահեցրել է, որ հետևում է Քեսաբի գաղթականների հարցին՝ շարունակելով անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերել. ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ։

 

«Քեսաբի հարցը քաղաքական, մարդասիրական և ազգային կողմերով շարունակում է մնալ Արամ Ա.-ի և Ազգային կենտրոնական վարչության մտահոգության և աշխատանքների առաջնահերթությունների թվում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Այսօր առավոտյան Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, երկու հոգևորականների հետ մեկնել է Լաթաքիա՝ Քեսաբի գաղթականներին տեսնելու և պատասխանատուների հետ հանդիպումներ ունենալու համար։

 

Արամ Ա.-ն գոհունակություն է հայտնել Քեսաբի հարցով հայ ժողովրդի զավակների ցուցաբերած միասնականության և զորակցության համար։ Վեհափառ հայրապետն ակնկալում է, որ հայ ժողովրդի զորակցությունը Քեսաբի և ողջ սիրիահայության համար կշարունակվի հատկապես նյութական օժանդակությամբ՝ թիկունք կանգնելով սիրիահայության կարիքներին և վերականգնման աշխատանքներին։