Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության և ՀՀ ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:

 

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականեր և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

 

Խորհրդակցության ընթացքում զեկույց-հաշվետվություններով հանդես են եկել ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը և ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Զեկույցներում ներկայացվել են ենթակա զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, զինծառայողների պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

 

Վերհանելով շտկման կարիք ունեցող հարցերը, խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ' հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

 

Խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Արտավազդ Հակոբյանին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու կապակցությամբ պարգևատրել է պատվոգրով և արժեքավոր նվերով: Արտավազդ Հակոբյանը 16,23 վայրկյանում «Խեցգետին» դիրքում որովայնի վրա է պահել 113կգ 150գ կշռաքարեր' դառնալով Գինեսի համաշխարհային ռեկորդակիր: