Ռուսաստան մուտք գործելու արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիների ցուցակը հայտնի է: Հայաստանի շուրջ 40 հազար քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն 2014թ. հունվարի 1-ից արգելվում է: Նրանց մեծ մասը աշխատանքային միգրանտներ են: Ռուսական իշխանությունների ներկայացմամբ' ռիսկային խմբում են Հայաստանի ևս 170 հազար քաղաքացիներ: Ռուսաստանի սահմանը հատելուց հետո միգրանտները հետ վերադառնալու իրավունք չեն ունենա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ «սև ցուցակում» հայտնվող Հայաստանի քաղաքացիների թիվն ավելի կմեծանա, ինչն էլ իր հերթին կազդի Հայաստան ուղարկվող տրանսֆերետներ քանակի վրա:

 

Փորձագիտական աշխատանքի ընթացքում պարզ է դարձել, որ Ռուսաստանում միգրացիայի հետ կապված օրենսդրական փոփոխություններից և խստացումներից հետո հինգ ամսվա ընթացքում Հայաստանից դեպի Ռուսաստան աշխատանքային հոսքերի որոշակի կրճատում է նկատվում: «Փորձագետների գնահատականով' միգրանտների մուտքի արգելափակումը 150 միլիոնով կկրճատի տրանսֆերտների մուտքը Հայաստան»,- ասում է Եգանյանը:

 

Սակայն այդ արգելափակումից կտուժի նաև Ռուսաստանը: Հայաստան 1 դոլար ուղարկելու համար հայ միգրանտը 7 դոլարի արդյունք է ստեղծում Ռուսաստանում: Ստացվում է' միգրացիոն խստացումներից հետո վնասներ կրելու է նաև Ռուսաստանը: «Հայ միգրանտների շնորհիվ Ռուսաստանում ստեղծվել է մեկ միլիոնից ավելի աշխատատեղ և նրանք կունենան մեկ միլիարդ դոլարի կորուստ»,- ասում է Եգանյանը' հավելելով, որ «սև ցուցակում» հայտնված հայ միգրանտների հարցով Հայաստանը ոչինչ չի կարող ձեռնարկել: Հարցը ռուսական իշխանությունների իրավասության տակ է գտնվում: Միակ խորհուրդը' մինչ օդանավակայան մեկնելը պետք է տվյալները ստուգել Ռուսաստանի միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում:

 

Եգանյանի խոսքերով' Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացումը ուղղված չէ միայն Հայաստանին: Ռուսաստանը պետություն է, որտեղ աշխատանք են փնտրում բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ: Այս տարվա հունվարի տվյալներով' Ռուսաստանում ԱՊՀ երկրների 3,7 միլիոն միգրանտ է ապրում. նրանցից 560 հազարը հայտնվել են «սև ցուցակում»: Սա խնդիր է, որը վերաբերում է ԱՊՀ բոլոր երկրներին:

 

Անդրադառնալով Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, Եգանյանն ասաց, որ քննարկվել են աշխատանքային միգրանտների այն խնդիրները, որոնք կապված են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ: Մասնավորապես, Հայաստանի'Մաքսային միությանն անդամակցելուց հետո ՄՄ տարածքում կգործի ազատ աշխատաշուկայի սկզբունքը և այդ առումով թույլտվության սահմանում չի լինի, իսկ հաշվառումն էլ կլինի ոչ թե 3 ամիս, այլ ավելի երկարատև:

 

«Պատրուշևի հետ հանդիպումը հենց այս հարցին էր վերաբերում' որ օրենքը գործի մինչև Հայաստանի Մաքսային միության անդամակցումը: Սակայն դա ռիսկային խմբում գտնվող քաղաքացիներին չի վերաբերում»,- ասաց Եգանյանը:

 

Հունվարի 1-ից ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում մնալ 90 оր յուրաքանչյուր 180 оրվա ընթացքում: ՌԴ միգրացիոն ծառայության կայքում բացվել է հատուկ էջ, որտեղ, օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հարցաթերթիկում լրացնելով անձնական տվյալները, կարելի է ճշտել' քաղաքացու մուտքը Ռուսաստան արգելվում է, թե ոչ: ՌԴ միգրացիոն ծառայության կայքի առցանց ծառայությունը պահանջում է լրացնել անուն-ազգանուն, անձնագրի տվյալներ, որից հետո ՌԴ միգրացիոն ծառայության տվյալների շտեմարանով ճշտվում է' օտարերկրացին մուտքի թույլտվություն կստանա՞, թե ոչ:

 

Հասմիկ Հարությունյան