Պենտագոնը, չնայած զինված ուժերի ու նրանց ֆինանսավորման կրճատմանը, մտադիր է ամրապնդել ռազմական ներկայությունն ամբողջ աշխարհում եւ ակտիվացնել պաշտպանական համագործակցությունը դաշնակիցների հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը:

 

«Այսօր ամերիկացի զինվորականները ներկա են շուրջ հարյուր երկրում, խոսքն ամբողջ աշխարհում մոտավորապես 400 հազար մարդու մասին է... Մեր բյուջեի նախագիծը եւ պաշտպանական ռազմավարությունը պարզորոշ հասկանալ են տալիս, որ, թեեւ մենք կրճատում ենք զինված ուժերը, չպետք է պարզապես վերադառնանք կայազորներ: Մենք պետք է շարունակենք ուժեղացնել դաշնակիցների հնարավորությունները, ձեւավորենք նոր դաշինքներ եւ ամրապնդենք հները, ներդրումներ անենք անվտանգության համատեղ ապահովման նախագծերում»,- ասել է Հեյգելը՝ ելույթ ունենալով միջազգային հարաբերությու նների Չիկագոյի խորհրդում:

 

Նրա խոսքով՝ ներկայում շեշտը դրվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա, բայց կարեւոր են նաեւ մյուսները: Նախարարը հիշեցրել է Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Սինգապուրում, Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում ամերիկացի զինվորականների ներկայության մասին:

 

ԱՄՆ-ը նաեւ մտադիր է ուժեղացնել փոխգործակցությունը բազմակողմ միավորումների, ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ ԱՍԵԱՆ-ի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: