Բուլղարիայի Սամոկով քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում պայքարն ավարտեցին 42 կգ քաշային կարգում մեդալները վիճարկող ըմբիշները: Վիճակահանության արդյունքներով պայքարը քառորդ եզրափակիչից սկսած Արման Մնոյանը նախ բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով պարտության էր մատնել Բուլղարիան ներկայացնող Ահմեդ Նեժմեդինին, ապա կիսաեզրափակիչում 6:3 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել Վրաստանի պատվիրա կ Գեորգի Խաչիձեի նկատմամբ ու մտել եզրափակիչ' իրավունք ստանալով վիճարկելու աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչի վճռորոշ գոտեմարտում հաջողությունն ուղեկցեց Ռուսաստանը ներկայացնող Մուհամադխոն Մուխիդդինին, ով 12:1 հաշվով առավելության հասնելով՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արմանն այս անգամ բավարարվեց արծաթե մեդալով, որը նույնպես մեծ նվաճում է: Այս մասին գրում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալները բաժին հասան Գեորգի Խաչիձեին և Թուրքիայի պատվիրակ Քիհան Ուրհանին: Հիշեցնենք, որ այս երեկո դեռ Հայաստանի ևս 2 ըմբիշ պայքարելու են բրոնզե մեդալների համար: 50 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը այդ հարգի պարգևը կվիճարկի բուլղարացի Դանիել Գանևի, իսկ 58 կգ քաշային Վրեժ Քարամյանը՝ ռուսաստանցի Դին-Իսլամ Աժեևի հետ մենամարտում: