Երեկ երեկոյան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2014»-ի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն անցավ եզրափակիչ փուլ:

 

Առաջին կիսաեզրափակչին 10 տեղի համար պայքարեցին 16 երկրների' Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:

 

Առաջին կիսաեզրափակչին մասնակցող 16 երկրից 10-ն ընտրվեց ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում' 50/50 հարաբերակցությամբ:

 

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 10-ին:

 

Լուրեր.com-ը զրուցեց ՀՀ քաղաքական գործիչների հետ, ովքեր շնորհավորեցին Արամին եզրափակիչ փուլ անցնելու համար և մաղթեցին միայն հաղթանակ:

 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ելույթն իրեն շատ է դուրս եկել.

 

«Շատ տարբերվող էր, միանգամից երևաց, որ մենք բավական մեծ հնարավորություններ և շանսեր ունենք առաջինը դառնալու: Մաղթում եմ միայն ու միայն հաղթանակ, քանի որ նման ցանկացած հաղթանակ լրացուցիչ իմպուլս է մեր երկրի և ժողովրդի համար»,- ասաց Ավագյանը:

 

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ինքը չի պատկանում «Եվրատեսիլի» երկրպագուների շարքին, երբեք չի նայել «Եվրատեսիլը», բայց անկախ ամեն ինչից հաջողություն մաղթեց մեր մասնակցին:

 

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ նշեց' ուրախ է, որ երեկ, շատ պատասխանատու առաջին ելույթն Արամը լավ կատարեց:

 

Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ «Եվրատեսիլը» մարդու երաժշտական կյանքում գագաթնակետ է, համաշխարհային երգի վերջին մակարդակ, բայց այնուամենայնիվ, ցանկանում եմ, որ դա Արամի համար դեպի մեծ բեմեր մուտքի դուռ լինի: Եվ թող հաջորդ տարի, Արամն առիթ ունենա հպարտանալու, որ «Եվրատեսիլը» բերել է Հայաստան»,- ասաց Սաֆարյանը: