Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների դաշինք» խմբակցության փոխնախագահ Նիկոլո Ռինալդին Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցու բակում' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ, մայիսի 5-ին հանդես է եկել Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ: Եվրոպական խորհրդարանի պատգամավորն իր ելույթում նշել է.

 

«Այս օրերին մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Մենք այսօր այստեղ խաչքարի առջև ենք, որը մեզ հիշեցնում է հայ նահատակների մասին: Այս հիշատակի օրը ոչ միայն վերաբերում է հայ ժողովրդին, այլև ողջ Եվրոպային:

 

Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն էր, այն Եվրոպայի առաջապահն էր Արևելքում և Արևելքի մի մասնիկը մեր մայրացամաքի սրտում: Հայերը արտասովոր են, աշխատասեր և հսկայական մշակույթ ունեն: Անգամ իմ երեք որդիները կնքվել են հայկական ծիսակարգով, ուստի ես ինձ շատ կապված եմ զգում հայերի հետ:

 

Այն Եվրոպան, որ մենք ցանկանում ենք կառուցել, Եվրոպան, որ մենք կառուցում ենք, հիշողության Եվրոպա է, որը չի անտեսում այն սարսափելի ու սոսկալի դաժանությունները, որ կատարվել են անցյալում, և Եվրոպայի ուժը նրա ընդհանուր և միասնական հիշողությունն է: Եթե մենք գիտենք փաստերը, մենք բոլորս ավելի վճռական կլինենք: Հայոց ցեղասպանությունը, որի մասին Հիտլերը կարծում էր, թե' ո՞վ պետք է երբևիցե հիշի, 20-րդ դարի տարբեր հանցանքների մեկնարկը հանդիսացավ և ոչ միայն հրեաների դեմ, այլև Ռուանդայում' թութսիների:

 

Եվրոպայի գաղափարը, որ ես ինձ հետ տարա Եվրոպական խորհրդարան, այն Եվրոպան, որին իմ քվեարկությամբ աջակցեցի, պահանջում է Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվ այսօր այդ Եվրոպան ցանկանում է այստեղ լինել, խորհրդանշականորեն մոտ լինել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրին ատելության պատճառով, ատելություն, որ քաղաքացիության իրավունք չի կարող ունենալ Եվրոպայում»: