Հարավային Կորեայի դատախազությունը մայիսի 8-ին ձերբակալել է խորտակված «Սեւոլ» լաստանավի գործարկու ընկերության ղեկավարին: Դա արվել է ողբերգության հետաքննության ընդլայնվող մասշտաբների շրջանակներում:

 

Դատախազության եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ խմբի ներկայացուցիչները հայտնել են, որ Chonghaejin Marine ընկերության նախագահ Կիմ Հան Սիկը ձերբակալվել է Սեուլի Պունդան արվարձանու գտնվող իր տանը եւ ենթարկվել հարցաքննության: «Նրան առաջադրվել են մի ամբողջ շարք մեղադրանքներ, ներառյալ ոչ կանխամտածված սպանությունը եւ նավագնացության անվտանգության մասին օրենքի խախտումը»,- նշել է միացյալ խմբի պաշտոնական ներկայացուցիչը:

 

6825 տոննա ջրատարողությամբ «Սեւոլ» լաստանավը ապրիլի 16-ին խորտակվել է Դեղին ծովում՝ Կորեական թերակղզու հարավարեւմտյան ափերի մոտ: Նավում եղած 476 ուղեւորներից ու անձնակազմի անդամներից փրկվել է 172 մարդ, 269-ը զոհվել են, եւս 35 մարդ անհայտ կորած են համարվում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: