Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն ազատ է իր գործունեության եւ կարծիք արտահայտելու մեջ: Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպությունների վերաբերյալ դեսպանի հայտարարությանը, ապա դա չի կարող գնահատվել որպես միջամտություն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը' հավելելով, որ դժվարանում է գնահատական տալ դեսպանի կարծիքին: «Դժվար է գնահատել: Դեսպանն իհարկե ազատ է իր գործունեության մեջ: Եթե խոսքը Հայաստանում տեղակայված կազմակերպությունների վերաբերյալ է' չեմ կարծում, որ դա միջամտություն կարող է գնահատվել: Դեսպանը հայտնեց իր կարծիքը, որի պատասխանը ստացավ»,- եզրափակել է փոխնախարարը:

 

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում ասել էր. «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»:

 

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը' պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրող» հասարակական կազմակերպությունների մասին, ասել է. «Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում: Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում»,- հավելել է նա։