Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

«Շնորհավորական ուղերձներում պետության ղեկավարն ընդգծել է, որ մեր հայրերի ու պապերի սխրանքը, ովքեր հայրենի հողն ու աշխարհը պաշտպանեցին ապագա սերունդների համար, ընդհանուր պատմության հերոսական էջն է, և պետությունների ղեկավարության պարտքն է՝ պահպանել պատմական ճշմարտությունը Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների մասին, հոգատարությամբ շրջապատել վետերաններին, երիտասարդության մեջ հարգալից վերաբերմունք դաստիարակել անանց հոգևոր ու բարոյական արժեքների նկատմամբ»,-նշել են Կրեմլում:

 

Ռուսական պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մեծ հաղթանակի ընդհանուր հիշատակը միշտ էլ հիմք կծառայի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, կառուցողական համագործակցության հետագա զարգացման և տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման համար:

 

Պուտինը երախտագիտության խոսք է ուղղել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց մաղթել քաջառողջություն ու բարօրություն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: