Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը և «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդը ուղերձ են հղել Շուշիի ազատագրման 22-ամյակի կապակցությամբ: «Բազմիցս ենք նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյահոգեբանական, միեւնույնն է հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածներում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով: Այդ հաղթանակներն արժեքավոր են յուրովի եւ հիշատակության արժանի են բոլորը: Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք»,- նշված է ուղերձում:

 

Երկու կառույցների գնահատմամբ' Շուշիի ազատագրումը լոկ ճակատամարտ չէր կամ հերթական հաղթանակ, վճռական բեկում էր եւ՛ արցախյան պատերազմում, եւ՛ աշխարհասփյուռ հայության սրտերում: Այդ հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում, որը պիտի ավարտվեր զինադադարի կնքման խնդրագրով:

 

«Ի վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր դա նաեւ: Ավարայրի ճակատամարտն իր ժամանակաշրջանի խնդրականն էր լուծում եւ մարտ էր հանուն կրոնի, բայց նաեւ սրբազան նահատակության, որ հաղթանակի զորություն ստացավ: Սարդարապատը հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման կռիվ էր, որը կերտեց հայոց պետականության վերականգնման առանցքը եւ 1918թ. մայիսի 28-ին ձեւավորվեց հայոց պետությունը՝ հայության հարյուրամյակներ պետականազուրկ գոյատեւումից հետո»,- շարունակում են ուղերձի հեղինակները' շնորհավորելով մայիսյան հաղթական տոնե րը, մայիսյան եռատոնը, փառաբանելով (հայ արիական քրմական ծեսով) բոլոր ժամանակների մեր բոլոր նահատակներին, հերոսներին ու մասնակիցներին, նաեւ թիկունքը ամուր պահողներին, հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների անունից՝ Հայ Արիական Միաբանությունը, ինչպես նաեւ Հայ Ազգայնականների Համախմբումը՝ մայիսի 8-ի Շուշիի ազատագրության տոնին զուգահեռ նշում են նաեւ 2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին: Նրանց խոսքով' այդ հաղթանակը 1940-ականներին անպաշտպան մնացած հայությանն ազատեց նոր ցեղասպանությունից, որը ծրագրված էր թուրքե րի կողմից՝ իրենց դաշնակից գերմանացիների հաղթանակի դեպքում:

 

Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի տոնը, բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին: Հայ արիականներն ու ազգայնականները այցելեցին Եռաբլուր եւ փաաբանեցին ազգի բոլոր նահատակներին, միաժամանակ զորացում, կամք ու բարիք մաղթելով ապրող քաջերի»,- եզրափակված է ուղերձում:

 

Հայ Արիական Միաբանության գրասենյակում կայացել է նաև Արցախի պատերազմի մասնակիցների հավաք:

 

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար Եռատոն է' 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում' հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: