Ռուսաստանի Պետդումայի հասարակական միավորումների եւ կրոնական կազմակերպությունների գործերի կոմիտեի ղեկավար Յարոսլավ Նիլովը, որը ներկայացնում է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, դիմում է հղել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին եւ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, որում խնդրում է նրանց հրապարակավ կոչ անել Ուկրաինայի իշխանություններին՝ դադարեցնելու բռնությունն ու արյունահեղությունը: Պատգամավորի կարծիքով՝ այդ կոչը կարող է ազդություն գործել, քանի որ Ուկրաինայում արյուն է հեղվում նաեւ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի որոշումների հետեւանքով, որը հայկական արմատներ ունի:

 

«Ինչպես հայտնի է, Ավագովը հայկական արմատներ ունի, ուստի խնդրում եմ Ձեզ՝ որպես հոգեւոր առաջնորդի, որն անվերապահ հեղինակություն ունի հայ համայնքում, օգտագործելու Ձեր ազդեցությունը հանուն արյունահեղության ու բռնությունների դադարեցման... Հնարավոր է՝ արյունալի սպանդը դադարեցնելու Ձեր հրապարակային կոչը վերջ կդնի բռնության ալիքին, որը միայն արցունքներ, ցավ, քայքայում ու մահ է բերում»,- ասված է պատգամավորի ուղերձներում, որոնց պատճեններն, ստացվել են «ՌԻԱ Ն ովոստի» գործակալությունում:

 

Նիլովը նշում է, որ բռնությունից այսօր տուժում են Ուկրաինայի բոլոր բնակիչները, այդ թվում եւ հայերը, ընդ որում ամենամեծաթիվ հայ համայնքը գտնվում է Դոնեցկում:

 

Պետդումայի պատգամավորը հայտնել է, որ համանման բովանդակությամբ նամակ է ուղարկվել նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: