Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում այսօր' մայիսի 13-ին, Երևանում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցիկ ձևակերպումների առանձնահատկությունները: Եռակողմ ձևաչափն ընտրվել է երեք պետությունների սահմանային անցակետերով ապրանքների տեղաշարժն արագ և առանց բարդությունների կազմակերպելու նպատակով: Կողմերը որոշում են կայացրել սահմանահատման ընթացակարգերի հստակեցման և պարզեցման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու և համատեղ լուծումներ առաջարկելու նպատակով աշխատանքային մասնագիտացված խմբեր ձևավորել և երկրներից յուրաքանչյուրի մաքսային ծառայության տեսանկյունից կարգավորման ենթակա խնդիրների ցանկը ներկայացնել համատեղ քննարկ ման:

 

ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ քննարկվել են հիմնականում այն հարցերը, որոնք կարող են ի հայտ գալ ՄՄ անդամակցության գործընթացում. «Անդրադարձել ենք տարանցիկ բեռնափոխադրումներին առնչվող հարցերին, քանի որ ՄՄ անդամակցության արդյունքում ապրանքաշրջանառության ծավալների աճ ենք ակնկալում: Այդ նպատակով հրավիրել ենք նաև Վրաստանի մեր գործընկերներին' հաշվի առնելով տարանցիկ փոխադրումների հետ կապված հավանական խնդիրների կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը: Պայմանավորվեցինք շատ կարևոր' տեղեկատվության փոխանակման տեխնոլոգիաների կատարելագործման և նախնական հայտարարագրման գործընթացում համակարգված աշխատելու մասին, որպեսզի, նախքան սահմանահատումը, անհրաժեշտ տեղեկատվությունը լինի մաքսային կետերում, ինչն ավելի դյուրին կդարձնի սպասարկումը»:

 

Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ՄՄ լիիրավ անդամ և այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ արդեն իրականացվել են. «Այսօր մենք զուտ տեխնիկական բնույթի հարցեր ենք քննարկել: Հայաստանի' ՄՄ անդամակցության գործընթացում չկա ոչ մի խոչընդոտ: Մենք այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատում ենք»: Անդրեյ Բելյանինովն առաջարկել է մեկամսյա ժամկետում ամփոփել խմբի աշխատանքի արդյունքները' շեշտելով, որ Հայաստանը, Ռուսաստանը և Վրաստանը ունեն հա մապատասխան ներուժ' ներդաշնակեցման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:

 

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Գվարամադձեն ներկայացված բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

 

Հանդիպման ավարտին Հայաստանի ֆինանսների նախարարի և ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի ստորագրած փոխգործակցության կարգով հստակեցվել է Ռուսաստանից չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը և ընդունվել են տուրքի կիրառման պարզեցված ընթացակարգեր: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի բնորոշմամբ, աշխատանքային փաստաթուղթը կանխարգելիչ բնույթ է կրում. «Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք հստակեցնելու գործառույթները' կապված տարբեր ապրանքախմբերի հետ, քանի որ ոլորտում ռիսկեր ենք տեսնում, բացի այդ, այժմ բանակցում ենք ՌԴ ֆինանսների նախարարության հետ, որպեսզի ՀՀ-ում համապատասխան ձեռնարկությունը հնարավորություն ունենա, անհրաժեշտ տուրք վճարելով, արտահանում կատարել նաև երրորդ երկրներ, ինչը կնպաստի, որ ադամանդագործությունը լայն թափով զարգանա Հայաստանում»: